ՀՀ առողջապահության նախարարության եւ Հռոմի «Ջեմելի» համալսարանական հիվանդանոցի հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում համագործակցություն կծավալվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանում է գտնվում Իտալիայի « Ա. Ջեմելի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամի նախագահ, Սակրո Կուորե կաթոլիկ համալսարանի բժշկության ֆակուլտետի դեկան Ռոկո Բելլանտոնեյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է բարեկամ Իտալիայի կառավարության հետ առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում:
Նրա խոսքով` ընդունելով բնակչության առողջության պահպանման եւ բարելավման հիմնարար նշանակությունը ցանկացած պետության համար, ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կնպաստի երկրի առողջապահության բնագավառի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը:
Նախարարը հույս հայտնեց, որ մեր երկրի առողջապահական համակարգին ծանոթանալով` Իտալիայից ժամանած պատվիրակությունը նույնպես հետաքրքրված կլինի առողջապահության եւ բժշկագիտության մի շարք ոլորտներում հայ մասնագետների առաջատար փորձով:
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումներին, կադրային քաղաքականությանը, իրավական դաշտին եւ ֆինանսական արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերի: Խոսելով առողջապահության զարգացման մասին` նա տարբեր ոլորտներում վերջին երկու տասնամյակում մեծապես կարեւորեց Սփյուռքում բնակվող հայ անվանի բժիշկների անգնահատելի ներդրումը:
Ռոկո Բելլանտոնեն եւս նշեց, որ ոչ միայն իր ղեկավարած բժշկական հաստատությունը, այլեւ Իտալիայի առողջապահության նախարարությունը շահագրգռված է առողջապահության ոլորտում խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը:
Կողմերը նշեցին, որ մշտապես կարեւորում են համագործակցության նոր հնարավորությունները եւ հուշագրի ստորագրումը լավ ու հեռանկարային խթան կարող է լինել առողջապահական համակարգերի միջեւ համագործակցության հետագա զարգացման համար:
Հատկապես դրական է այն հանգամանքը, որ այսպիսով ստեղծվում է Հայաստանի եւ Իտալիայի բժիշկների միջեւ մասնագիտական վերապատրաստումների, շարունակական բժշկական զարգացման, գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակման հնարավորություն:
Պաշտոնական այցի շրջանակում Իտալիայից ժամանած պատվիրակությունը այցելություններ կունենա նաեւ մայրաքաղաքի մի քանի բժշկական կենտրոններ, ինչպես նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարան:
Նշենք, որ «Ա. Ջեմելլի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամ-Սակրո Կուորե Կաթոլիկ համալսարանը միջազգայնորեն ճանաչված է որպես գերազանցության կենտրոն եւ համագործակցության փորձ ունի առավել քան քառասուն երկրների հետ:






