ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը Կոնգրեսին է դիմել` խնդրելով Զիկա տենդի դեմ պայքարի համար օգտագործել այն հիմնադրամի միջոցները, որը ստեղծվել էր Էբոլա տենդին հակազդելու համար: Միաժամանակ Սպիտակ տունը ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել առանձին ֆինանսավորում տրամադրել Զիկա տենդի դեմ պատվաստանյութի մշակման եւ այդ հիվանդության համաճարակից տուժած երկրներին օգնություն հատկացնելու նպատակով:
Երկու շաբաթ առաջ Բարաք Օբաման Կոնգրեսից 1,8 մլրդ դոլար էր խնդրել Զիկա վիրուսի «ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս» տարածման դեմ պայքարելու համար: Միջոցները պիտի ստացվեն ԱՄՆ-ի 2017 ֆինանսական տարվա բյուջեից, սակայն դա մոտ ժամանակներս չի հաստատվի: Այս իրավիճակում Էբոլայի դեմ պայքարի ծրագրերից մնացած գումարների օգտագործումը «Զիկա վիրուսի դեմ պայքարի միջոցների ընտրության գործում մանեւրելու հնարավորություն կտար», հայտնել է Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Շոն Դոնովանը:
Ավելի վաղ ամերիկացի օրենսդիրներն արդեն տվել էին իրենց համաձայնությունը Էբոլայի վիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի առողջապահության նախարարության, սոցիալական ծառայությունների, պետքարտուղարության եւ Միջազգային զարգացման գործակալության գծով տրամադրված եւ չծախսված միջոցները Զիկա հիվանդությանը հակազդելու նպատակով օգտագործելուն: Անցյալ շաբաթվա վերջին Ռոջերսն ու իր մի շարք գործընկերներ հայտնեցին, որ իրենց տվյալներով խոսքը 1,4 մլրդ-ի մասին է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, Զիկա վիրուսի տարածմանը հակազդելու համար 56 մլն դոլար է անհրաժեշտ:
Անցյալ շաբաթվա վերջին Համաշխարհային բանկը հայտնել է, որ 150 մլն դոլար կտրամադրի Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի Զիկա վիրուսից տուժած երկրներին օգնություն հատկացնելու նպատակով:
Բացի այդ, համաշխարհային բանկը հրապարակել է Զիկա վիրուսի կողմից Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին հասցված վնասի իր գնահատականը: ՀԲ-ի փորձագետների հաշվարկների համաձայն, կարճաժամկետ հեռանկարում տարածաշրջանի ընդհանուր կորուստները համեմատաբար փոքր կլինեն եւ 2016-ին կկազմեն 3,5 մլրդ դոլար կամ ընդհանուր ՀՆԱ-ի 0,06 տոկոսը: Հիմնական պատճառը զբոսաշրջության կրճատումն է, որը շատ լատինաամերիկյան եւ կարիբյան պետությունների եկամտի կրճատման կարեւոր պատճառ է:
Արեւմտյան կիսագնդում Զիկա վիրուսը ներթափանցել է 55 երկրից ավելի քան 20-ը, չնայած անցյալ տարվա մայիսին հիվանդներ են եղել միայն Բրազիլիայում: Հիվանդությունը տարածում են Aedes aegypti մոծակները: Տեղեկություններ կան, որ հիվանդությունը վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ նորածինների մոտ միկրոցեֆալիա է առաջ բերում:






