Մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարարական համաժողով, որին մասնակցելու նպատակով մեր երկիր են ժամանելու Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ Բելառուսի առողջապահության նախարարները, Ղազախստանի առողջապահության փոխնախարարը, ԱՀԿ եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավարը, ինչպես նաեւ առողջապահության ոլորտի այլ անվանի ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է քննարկումների եւ գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները եւ մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները եւ հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում կլինեն առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաեւ այլ կարեւոր հիմնահարցեր:
Հանրային առողջությունը ոչ միայն ազգային անվտագության համար առաջնահերթ գործոն է, այլեւ հասարակության արդյունավետ գործունեության համար անհրաժշետ սոցիալ-տնտեսական քաղաքականության չափանիշ:
Համաժողովի շրջանակում կուրվագծվեն եւ համատեղ կմշակվեն հիվանդությունների կանխարգելման եւ առողջության ամրապնդման ծրագրեր, որոնք ուղղված են վարքագծային ռիսկի գործոնների դեմ պայքարին: Ուշադրության կենտրոնում է նաեւ բնակչության առողջության պահպանման ռազմավարությունների մշակումը, հանրային առողջության որակի վերահսկման նորմատիվների ստեղծումը, որոշումների կայացման համար ժամանակակից մեթոդների ներդրումը:
Միաժամանակ, միջոցառումը կնպաստի երկրների միջեւ համագործակցության զարգացմանը եւ առկա կարողություններն ի սպաս կդրվեն` այլ երկրների ուշադրությունը հանրային առողջության ոլորտի խնդիրների վրա հրավիրելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day