Ինչպես է կատարվել Հայաստանում առաջին՝ երկու քներակների միաժամանակյա վիրահատությունը (ֆոտո)

22:11   29 ապրիլի, 2017

2017 թվականի ապրիլի 11-ին հիվանդը՝ 67 տարեկան Ա. Մ.-ն, ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթների եւ սրտի վիրաբուժության բաժանմունք՝ ունենալով Մոսկվայի Ն. Ն. Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտում կատարված դուպլեքս սքանավորման արդյունքը: Այն ցույց էր տալիս, որ հիվանդի մոտ առկա է անեւրիզմ (3 սմ տրամագծով) եւ աջ ներքին քներակի ավելի քան 90 տոկոսի կրիտիկական ստենոզ, նաեւ ձախ ներքին քներակի պատի 3 սմ երկարությամբ շերտատում՝ պոկվելու վտանգով (ֆոտո՝ 1.1 եւ 1.2):

«Էրեբունի» ԲԿ-ում գլխի եւ պարանոցի անոթների ՀՏ-անգիոգրաֆիայով այս ախտորոշումն ամբողջությամբ հաստատվել է, նաեւ նախկինում տարած երկու կիսագնդերի կաթվածի առկայությունը: Բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի որոշմամբ՝ հիվանդն անհապաղ վիրահատական բաժանմունք է տեղափոխվել:

Կյանքին վտանգ սպառնացող պաթոլոգիայի պատճառով երկու քներակների վերակառուցման միաժամանակյա վիրահատություն կատարելու որոշում է ընդունվել: 2017 թվականի ապրիլի 12-ին վիրաբուժական խումբը (վիրաբույժներ՝ Մեսրոպ Շատախյան, Ստեփան Արզումանյան, անեստեզիոլոգ՝ Արմեն Մուրադյան) կատարել է աջ ընդհանուր եւ ներքին քներակների պրոթեզավորում՝ արտաքին քներակի պրոթեզում վերաիմպլանտացմամբ (ֆոտո 3), այնուհետեւ կատարվել է ձախ ներքին քներակի էնդարտերէկտոմիա՝ հեռացնելով պատի շերտատված հատվածը (ֆոտո 4): 

Վիրահատությունից 2 ժամ հետո հիվանդին էկստուբացիա է արվել՝ առանց նյարդաբանական որեւէ դեֆիցիտի:

Վաղ նախավիրահատական շրջանում ենթամաշկային ճարպային բջջանյութում արյունահոսող անոթի հետեւանքով վերքի կրկնակի ստուգման անհրաժեշտություն է առաջացել:

Դուպլեքս հետազոտության արդյունքներով անոթներում արյան հոսքը ֆիզիոլոգիական մեծության սահմաններում էր, հիվանդը դուրս է գրվել վիրահատությունից հետո 5-րդ օրը:

Ֆոտո 1.1 ու 1.2 - Աջ ներքին քներակի անեւրիզմ եւ կրիտիկական ստենոզ

Ֆոտո 2 - Ձախ քներակի պատի շերտատում

Ֆոտո 3 - Աջ ընդհանուր ու ներքին քներակների պրոթեզների եւ արտաքին քներակի վերաիմպլանտացմամբ ներքին քներակի վերջնական տեսքը

Ֆոտո 4 - Ձախ քներակի վերջնական տեսքը՝ ուղիղ կարով արտերիոտոմիայի պլաստիկայից հետո

Հազվադեպ հանդիպող պաթոլոգիաներով նման բարդության վիրահատության կատարումը հնարավոր էր բրախիացեֆալ անոթների վիրահատությունների կատարման մեծ փորձ ունեցող վիրաբուժական խմբի համար:

«Էրեբունի» ԲԿ-ում առաջին անգամ կատարված այս վիրահատությունը մեծ վտանգ էր պարունակում: Բայց երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքի փրկությանը, անհրաժեշտ է բոլոր հնարավորություններն օգտագործել նրա փրկության համար, ինչը եւ արվել է վիրաբույժների պրոֆեսիոնալ եւ համակարգված աշխատանքի շնորհիվ:

Այսպիսի վիրահատությունների պահանջարկը շատ մեծ է. տարեկան դրանց կարիքն ունեն մեծ թվով մարդիկ: Ըստ նման տեսակի վիրահատությունների կատարման՝ «Էրեբունի» ԲԿ-ն հայկական կլինիկաների շարքում առաջատար է:



© NEWS.am Medicine