• Latest news

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ծանր ախտահարումներով 2 քներակների միաժամանակյա էնդարտերէկտոմիա

21 ապրիլի, 2017  18:58

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 69 տարեկան հիվանդին կատարվել է կյանքին սպառնացող ախտահարումներով 2 քներակների միաժամանակյա էնդարտերէկտոմիա: Ապրիլի 21-ին՝ լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի սրտի եւ պարանոցի անոթների վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը պարզաբանեց, որ 2 քներակների էնդարտերէկտոմիա կատարվել է նաեւ նախկինում, սակայն այսպիսի ծանր պաթոլոգիաներով, որոնցից յուրաքանչյուրը կարող էր իշեմիկ կաթված առաջացնել, Հայաստանում առաջին անգամ է կատարվում:

Բժշկի խոսքով՝ մի կողմից 69-ամյա տղամարդու մոտ առկա էր ներքին քներակի անեւրիզմա, եւ այս կողմից  նա արդեն կաթված էր տարել, իսկ մյուս կողմից՝ անոթի պատի շերտազատում: Անհնար էր վիրահատության փուլային կատարումը. երկու կողմից էլ անհետաձգելի միջամտության ցուցումներ կային: «Այդ պատճառով երկու երակները միաժամանակ վիրահատելու որոշում կայացվեց: Սա հիվանդի համար բավական ագրեսիվ միջամտություն է, բայց ամեն ինչ հաջողվեց, ամեն ինչ հարթ ընթացավ»,- ասաց նա:

Բժիշկը հավելեց, որ քներակի եւ ողնաշարային երակի վիրահատությունները իշեմիկ կաթվածի լավագույն կանխարգելումն են: «Այսպիսի վիրահատությունները համարվում են կյանքի տեւողությունը երկարացնող եւ պոպուլյացիան պահպանող: Սովորաբար նման վիրահատություններից հետո հիվանդի մոտ 10-15 տարի այդ տեղում ոչ մի նեղացում եւ խնդիր չի լինում»,- ասաց նա:

Մեսրոպ Շատախյանի խոսքով՝ քներակների նեղացումը կամ խցանումը տեղի է ունենում գործնականում առանց ախտանշանների, ուստի 50 տարեկանից մեծ բոլոր մարդկանց բժիշկը խորհուրդ է տալիս տարեկան մեկ անգամ դոպլեր հետազոտություն անցնել կամ անոթների ՀՏ-անգիոգրաֆիա: Նա հիշեցրեց, որ անոթների պաթոլոգիաների համար վտանգի գործոններ են համարվում ծխելը, խոլեստերինի բարձր ցուցանիշները եւ շաքարային դիաբետը:

Մեսրոպ Շատախյանը հիշեցրեց, որ «Էրեբունի» ԲԿ-ի սրտի եւ պարանոցի անոթների վիրաբուժության ծառայությունը ստեղծվել է 2011 թվականին, քանի որ նման կարգի վիրահատությունների պահանջը շատ մեծ էր: Նրա գնահատմամբ՝ տարեկան նման վիրահատությունների կարիք ունի գրեթե 2000 մարդ, սակայն «Էրեբունի» ԲԿ-ում, որը այս վիրահատությունների գծով հայկական կլինիկաների առաջատարն է, կատարվում է ընդամները մոտ 100 վիրահատություն: «Մյուս կլինիկաների համեմատությամբ՝ սա մեծ թիվ է, սակայն ընդհանուր պահանջարկի համեմատությամբ՝ մինիմալ»,- ասաց նա՝ նշելով, որ «Էրեբունի» ԲԿ-ում մեկ անոթի վիրահատությունն արժե 900 հազար դրամ, իսկ երկու անոթներինը՝ 1 մլն 100 հազար դրամ: Տարբեր սոցիալական ծրագրերի շահառուներն անվճար են վիրահատվում կամ արտոնյալ պայմաններով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել