9 հետաքրքիր փաստ հնգյակների մասին (ֆոտո)

22:47   3 մայիսի, 2017

Անցյալում բազմապտուղ հղիությունները չափազաց հազվադեպ էին, սակայն ներկայումս երկվորյակներ եւ եռյակներ ավելի հաճախ են ծնվում՝ որպես կանոն, ոչ առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջամտության: Ավելին՝ սկսել են ավելի հաճախ ծնվել նաեւ քառյակներ եւ նույնիսկ հնգյակներ:

NEWS.am Medicine-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր ընդհանրապես բազմապտուղ հղիությունների եւ մասնավորապես հնգյակների մասին:

1. Հնգյակներ չափազանց հազվադեպ են ծնվում՝ 55 միլիոն հղիությունից միայն մեկ դեպքում: Համեմատության համար՝ տարաձու երկվորյակներն ավելի հաճախ են ծնվում. յուրաքանչյուր 80-90 ծնունդին բաժին է ընկնում մեկ երկվորյակ: Իսկ վերջին տարիներին վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ սկսել են ավելի շատ երկվորյակներ եւ եռյակներ ծնվել:

2. Աշխարհում ամեն տարի գրանցվում է հնգյակի լույս աշխարհ գալու մոտ 150 դեպք եւ վեցյակի ծնունդի 95 դեպք:

3. Առաջին նույնական հնգյակները, որոնք ծնվելուց հետո ողջ են մնացել եւ հասուն տարիքի հասել, Դիոն քույրերն են, որոնք ծնվել են 1934 թվականին Կանադայում՝ Էմիլին, Մարին, Սեսիլը, Անետը եւ Իվոնը: Ծնվելիս յուրաքանչյուրի քաշը եղել է 600 գրամից փոքր-ինչ ավելի, եւ ոչ ոք չէր հավատում, որ նրանք ողջ կմնան: Նրանք լույս աշխարհ են եկել աղքատ ֆերմերի ընտանիքում, որի տանը ոչ էլեկտրականություն է եղել, որ ջրագիծ: Այդուհանդերձ, աղջիկները ողջ են մնացել:

Էմիլին մահացել է 20 տարեկանում, մարին՝ 36, Իվոնը՝ 16 տարի առաջ, 2001 թվականին: Սեսիլը եւ Անետը մինչ օրս ողջ են, նրանք 82 տարեկան են:

4. Սովորական հղիությունը տեւում է 38-40 շաբաթ: Երկվորյակներին սովորաբար հաջողվում է կրել մինչեւ 36 շաբաթ, եռյակներին՝ առավելագույնը մինչեւ 32 շաբաթ, իսկ քառյակներին՝ մինչեւ 30 շաբաթ: Հնգյակները սովորաբար հղիության 28 շաբաթից ուշ չեն ծնվում, որպես կանոն՝ չափազանց անհաս:

5. Բազմապտուղ հղիությունը կարող է լինել ինչպես բնական բեղմնավորման հետեւանք, այնպես էլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման, ինչպիսին է արտամարմնական հղիությունը: Բնական բեղմնավորման դեպքում երբեմն բեղմնավորվում է մեկ ձվաբջիջը, որից հետո ստացվում է մեկ կամ ավելի սաղմ: Սակայն երբեմն կնոջ մոտ ձվազատման ժամանակ հասունանում են 2 կամ ավելի ձվաբջիջներ: Հենց սա է տեղի ունեցել 23-ամյա Լուսինեի հետ՝ նրա երեխաները բեղմնավորվել են 5 տարբեր ձվաբջիջներից: 

6. Տարիքին զուգահեռ կնոջ բազմապտուղ հղիության հավանականությունն աճում է, սակայն սրա պատճառը հայտնի չէ: Կարծիք կա, որ ֆոլիկուլոխթանող հորմոնի ավելի բարձր մակարդակի հետեւանքով առավել տարեց կանանց մոտ հաճախ են 2 կամ ավելի ձվաբջիջներ հասունանում:

7. Եթե միապտուղ հղիության դեպքում միջինվիճակագրական կինը գիրանում է 12-13 կգ-ով, ապա բազմապտուղ հղիության դեպքում գիրացումը սովորաբար կազմում է 18-20 կգ-ից ոչ պակաս:

8. Հնգյակ ծննդաբերած չինուհի Սյաո Յուբոն հայտնի է նրանով, որ հղիության ժամանակ նրա գոտկատեղը հասակից մեծ էր. 167 սմ հասակ ունենալով՝ նրա գոտկատեղը հղիության 5-րդ ամսում 175 սմ էր: Նրա փոքրիկների հասակը եւ քաշը գրեթե այնքան էր, որքան հասունացած երեխաներինը:

9. Հնգյակները գրեթե միշտ չափազանց անհաս են ծնվում, այդ պատճառով նրանց շրջանում մահացությունը բավականին բարձր է: Մյուս կողմից՝ ժամանակակից բժշկության զարգացման շնորհիվ այսօր բժիշկները հաջողությամբ փրկում եւ խնամում են նույնիսկ 500-գրամանոց փոքրիկներին:



© NEWS.am Medicine