• Latest news

Հնգյակի մորը առաջին ՈւՁՀ–ից հետո ասել են, որ եռյակ է ունենալու (ֆոտո, վիդեո)

3 մայիսի, 2017  15:35

7 ամիս առաջ՝ աշնանային մի ջերմ օր, 23-ամյա Լուսինե Պողոսյանը զանգահարել էր մորը, որն այդ ժամանակ Ռուսաստանում էր, հայտնելու ուրախալի լուրը. «Մամա, դու շուտով տատիկ ես դառնալու: Եվ ունենալու ես ոչ թե մեկ եւ նույնիսկ երկու, այլ միանգամից երեք թոռնիկ»:

Լիլիթը եւ նրա ամուսինը՝ 24-ամյա Դավիթ Կարապետյանը, շատ էին ուրախացել, երբ սոնոգրաֆիայի մասնագետն նրանց հայտնել էր, որ եռյակ են ունենալու: Շուտով, սակայն, նրանք տեղեկացան, որ ունենալու են ոչ թե եռյակ, այլ միանգամից հնգյակ: Դավիթի խոսքով՝ այս լուրը լսելով իրենք չեն վախեցել եւ չեն անհանգստացել: «Աստված է մեզ այս երեխաներին տվել, նա էլ կօգնի մեծացնել»,- ասել էր նա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության հարցերով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը NEWS.am Medicine-ին հայտնեց, որ այս դեպքը նշանակալի է ոչ միայն նրանով, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանում, որքան ինքն է հիշում, հնգյակներ չեն ծնվել, այլեւ նրանով, որ այս երեխաները բնական ճանապարհով են բեղմնավորվել, առանց որեւէ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայի կիրառման: Յուրաքանչյուր երեխան բեղմնավորվել է առանձին ձվաբջջից, եւ յուրաքանչյուրն ունեցել առանձին պտղապարկ:

Լուսինեի հղիությունը վարել է Անդրանիկ Պողոսյանը՝ այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել, որ նա հնգյակ է կրում: Նա էլ այսօր առավոտյան ժամը 4:00-ին նրան կեսարյան հատում է կատարել, որի արդյունքում երեխաները լույս աշխարհ են եկել հղիության 28-րդ շաբաթում: Նրանց քաշը փոքր է (ամենախոշորը տղան է՝ 880 գրամ, 4 աղջիկներից ամենափոքրիկը 650 գրամ է կշռում), սակայն բժիշկները եւ ծնողները լավատեսորեն են տրամադրված:

Անդրանիկ Պողոսյանն անկեղծորեն ասաց, որ մինչ այս դեպքը հնգյակի ծնունդ է տեսել միայն մեկ անգամ՝ 1995 թվականին ԱՄՆ-ում վերապատրաստում անցնելիս:

Բժիշկ Պողոսյանի խոսքով՝ վերջին ամբողջ ամսվա ընթացքում Լուսինեն եղել է հիվանդանոցում՝ իրենց հսկողության ներքո: Նրանք մինչեւ վերջ սպասել են կեսարյանին, որպեսզի երեխաները հասցնեն մինչեւ ծնվելը նորմալ ձեւավորվել եւ որքան հնարավոր է շատ քաշ հավաքել: Սակայն, մասնագետի խոսքով, բազմապտուղ հղիությունը հազվադեպ է հաջողվում 28 շաբաթից ավելի երկարաձգել: Լուսինեն եւս բացառություն չէր՝ նրա մոտ երկունքի ցավեր սկսվեցին, եւ ստիպված էին արտահերթ վիրահատություն կատարել:

Մասնագետների խոսքով՝ փոքրիկների վիճակը հիմա կայուն է: Նրանցից 4-ին տեղափոխել են Երեւանի տարբեր կլինիկաներ, իսկ հինգերորդին պահել են «Էրեբունի» ԲԿ-ում. այս կերպ հնարավոր կլինի յուրաքանչյուրին պատշաճ խնամք ապահովել:

Լուսինեն հիմա վիրահատությունից հետո վերականգնվում է: Նա մտահոգություն չունի, թե ինչպես է խնամելու միանգամից 5 երեխաներին՝ նրա մայրը, սկեսուրը, քույրերը, եւ մյուս հարազատներից շատերը պատրաստ են հնարավոր ամեն ինչով երիտասարդ ընտանիքին օգնել:

Լուսանկարները Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել