«Ինտերորթո»-ի շուրջ աղմուկը անհիմն է. պետպաշտոնյա

12:35   1 փետրվարի, 2018

Գերմանական «Ինտերորթո» պրոթեզավորման կենտրոնի շուրջ աղմուկը անհիմն է, քանի որ մրցույթի արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, եւ ոչ մի ընկերության հետ պայմանագրեր չեն ստորագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

Նա նշեց, որ Հայաստանում գործում է պրոթեզավորման 2 ընկերություն՝ «Ինտերորթոն» եւ «Պրոթեզաօրթոպեդիկը»: «Պրոթեզաօրթոպեդիկը» մինչեւ վերջին ժամանակներն աշխատել է ԱՊՀ երկրների տեխնոլոգիաներով եւ ստանդարտներով, իսկ «Ինտերորթոն»՝ գերմանական ստանդարտներով: 2018 թվականից պահանջ է դրվել, որ պրոթեզները պետք է համապատասխանեն ICO13485 միջազգային ստանդարտներին: Նա պարզաբանեց, որ ստանդարտներին համապատասխանության պահանջը նշանակում է, որ պրոթեզների պատրաստման համար ներկրվող բոլոր նյութերը եւ մասերը պետք է այս ստանդարտներին համապատասխանեն:

Արթուր Կեսոյանը հայտնեց, որ «Գնումների մասին» օրենքի համաձայն 2017 թվականի նոյեմբերին մրցույթ է հայտարարվել, ծրարները բացվել են 2018 թվականի հունվարի 8-ին, որից հետո հանձնաժողովը քննարկել է հայտերը եւ հարցումներ կատարել լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: Մրցույթին մասնակցել են նշված 2 ընկերությունները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 6-ին:

Պետպաշտոնյայի խոսքով՝ եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելիս որեւէ ընկերություն չի համապատասխանում ներկայացված պահանջներին (օրինակ՝ ICO ստանդարտներին), այն «սեւ ցուցակում» է հայտնվում եւ զրկվում առաջիկա 2 տարիներին մրցույթի մասնակցելու հնարավորությունից: Նա հավելեց, որ հայտերը քննելիս հանձնաժողովը առաջնորդվում է այն հանգամանքով, որ հայտատուի պրոթեզները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին, հաշվի է առնվում նաեւ գինը: Արթուր Կեսոյանը նաեւ հայտնեց, որ մրցույթ է հայտարարվում պրեթոզի յուրաքանչյուր տեսակի համար, եւ ընկերություններն իրենց հայտերը ցուցակով են տալիս: Այսինքն՝ ընկերություններից յուրաքանչյուրը կստանա այն պրոթեզների պատվերը, որոնց համար ավելի ցածր գին է առաջարկել: Ընկերությունները կարող են մրցույթում հաղթել ըստ պրոթեզների տարբեր տեսակների, այլ ոչ թե ըստ ամբողջ ցուցակի՝ կախված ներկայացրած գնից:

Ինչպես հավելեց Արթուր Կեսոյանը,  ազդրի պրոթեզը եւ սրունքթաթային պրոթեզը տարբեր բաներ են, եւ դրանք կարող են պատրաստել տարբեր ընկերություններ: Առավել եւս, որ 2 ընկերությունն էլ՝ «Ինտերորթոն» եւ «Պրոթեզաօրթոպեդիկը» միմյանցից 100 մետր հեռավորությամբ են գտնվում, եւ հիվանդի համար խնդիր չի լինի այս 2 բժշկական կենտրոններ այցելելը, հավելեց նա:

Նրա խոսքով՝ աղմուկն այն հարցի շուրջ է բարձրացվել, որ «Պրոթեզաօրթոպեդիկը», որը նախկինում աշխատել է հին տեխնոլոգիաներով, չի կարող որակյալ պրոթեզներ մատակարարել: Սակայն առաջին՝ պրոթեզների որակի պահանջները ներկայացվում են ըստ մրցույթի պայմանների, եւ երկրորդ՝ վարչությունը խոստանում է պայմանագրեր կնքելուց անմիջապես հետո հետեւել, որ որակից ոչ մի շեղում չլինի: Ավելին՝ հնարավոր է մի հաստատությունից մասնագետների անցում մյուս հաստատություն՝ կախված, թե նրանցից որի մոտ պետական պատվեր կլինի:

Արթուր Կեսոյանը նաեւ հայտնեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աստիճանաբար ներդնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց հավաստագրեր տալու պրակտիկան, որով նրանք կկարողանան իրենց անհրաժեշտ արտադրանքը ստանալ այն ընկերությունից, որից կցանկանան: Մասնավորապես հաշմանդամներն արդեն ունեն հաշմասայլակներ եւ լսողական սարքեր ստանալու հավաստագրեր: Այս նորամուծությունը պրոթզների վրա կտարածվի միայն 2019 թվականին:

Ինչո՞ւ է փակ «Ինտերորթո» պրոթեզավորման կենտրոնը

Պրոթեզս որ ջարդվեց, ես մի տարի պետք է պառկեմ, որ հերթս հասնի գնամ ռեմոնտ անե՞մ. հաշմանդամություն ունեցող քաղաքացի 



© NEWS.am Medicine