Ինչի՞ հաշվին են իջեցվել ստենտավորման գները. նախարարության պարզաբանումը

14:51   20 հունիսի, 2018

Ե՛վ պետպատվերով, ե՛ւ վճարովի վիրահատությունների համար ստենտավորման գները նվազեցվել են բանակցությունների արդյունքում, որոնք վարում է առողջապահության նախարարությունը տարբեր մատակարարների հետ։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը։

«Որոշ բուժհաստատություններ հայտարարում են սրտի ստենտավորման գներն իջեցնելու մասին՝ շեշտելով, որ դա նախարարության հետ գործակցության արդյունքում է: Առողջապահության նախարարությունը բանակցում է սրտի վիրահատության համար անհրաժեշտ պարագաների, նյութերի մոտ 1 տասնյակ մատակարարների հետ, որպեսզի վերջիններս նվազեցնեն մատակարարվող պարագաների գինը: Բանակցությունների արդյունքում էլ հենց փոխվում են գները ե՛ւ պետպատվերով, ե՛ւ վճարովի վիրահատությունների համար: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը հայտարարել է հունիսի 20-ից ստենտավորման գների իջեցման մասին։ «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը եւս հուլիսի 1-ից գները կիջեցնի։

 



© NEWS.am Medicine