Չինաստանի արդեն 3 քաղաքներում կարանտին են մտցրել. տեղաշարժի սահմանափակումներն անդրադարձել են 20 մլն մարդու վրա

16:00   23 հունվարի, 2020

Չինաստանի արդեն 3 քաղաքներում կարանտին են մտցրել 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով: Այսօրվանից հնարավոր չի լինի ազատ մուտք գործել Հուանգանգ, Էնչժոու եւ Ուհան քաղաքներ եւ դուրս գալ այդ քաղաքներից: Այդ միջոցները, իշխանությունների խոսքով, անհրաժեշտ են վիրուսի տարածումը կանխելու համար:

Տեղաշարժի սահմանափակումներն անդրադարձել են 20 մլն մարդու վրա, որոնք բնակվում են այդ քաղաքներում: Ուհանում բնակվում է 11 մլն մարդ, եւ այդ քաղաքում առաջինն են կարանտին մտցրել: Հուանգանգում բնակվում է 7 մլն բնակիչ եւ եւս մեկ միլիոնը՝ Էնչժոուում:

Շուտով երկրում կնշեն չինական Նոր տարի, այդ տոների ժամանակ չինացիները սովորաբար այլ երկրներ են մեկնում, ինչը կարող է հանգեցնել վիրուսի տարածմանը:

Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ հիվանդության հաստատված դեպքերի թիվը՝ 541-ի։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ավելի քան 2000 մարդ, որոնք կարող էին շփում ունենալ վարակվածների հետ, գտնվում են կարանտինի մեջ: 



© NEWS.am Medicine