Եռման արդյունքում սննդի մեջ քայքայվո՞ւմ են հակաբիոտիկները. մասնագետի կարծիքը

19:34   28 հունվարի, 2020

Հակաբիոտիկներ այսօր կարելի է հայտնաբերել շատ սննդի մեջ՝ կաթից մինչեւ միս եւ ձու: Եվ դա մեծ խնդիր է, քանի որ հակաբիոտիկների չարդարացված օգտագործումը հանգեցնում է հակաբիոտիկակայունության զարգացման. բակտերիաները դեղամիջոցների նկատմամբ ոչ զգայուն են դառնում, ինչը կարող է գլոբալ աղետի հանգեցնել՝ սովորական ինֆեկցիոն հիվանդությունները կրկին կսկսեն սպանել հարյուր հազարավոր մարդկանց: 

Կա՞ արդյոք սննդի մեջ հակաբիոտիկներից ազատվելու միջոց: Եռման արդյունքում դրանք քայքայվո՞ւմ են:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում համաճարակաբան Քրիստինա Գյուրջյանը նշեց, որ քանի որ հակաբիոտիկները քիմիական նյութեր են, բնական է, որ եռման արդյունքում դրանք քայքայվում են:

Այլ հարց է, որ կախված սննդի մեջ հակաբիոտիկների քանակից, հնարավոր է, որ պահանջվի ջերմային երկարատեւ մշակում, ինչը շատերը չեն անում: Առաջին հերթին, քչերը սովորություն ունեն ժամերով եռացնել կաթը կամ միսը, երկրորդ հերթին, երկար եռացնելու արդյունքում քայքայվում են նաեւ վիտամիններն ու այլ օգտակար սննդանյութեր:

«Այդ պատճառով ցանկալի է, որպեսզի սննդի մեջ հակաբիոտիկների քանակը չգերազանցի հասանելի նորմերը»,- ասաց մասնագետը:    

Ինչպե՞ս են մեր սննդի մեջ հակաբիոտիկներ հայտնվում

Կաթի մեջ հակաբիոտիկներ են հայտնվում կովերին պատվաստելուց հետո: Բացի այդ, երբեմն մաստիտների ժամանակ հակաբիոտիկներ են ներարկում հենց կրծքագեղձի ախտահարված հատվածում: Ընդ որում, քչերն են հետեւում հակաբիոտիկներ ստացած կովերի կաթը արտադրության չհանձնելու խորհուրդներին: Այդպիսով, հաճախ մեզ է հասնում կաթ, որում հակաբիոտիկներն թույլատրելի առավելագույնից շատ են: Ընդ որում, որոշ տվյալներով, պաստերացումը կամ ստերիլացումը քայքայում են կաթի մեջ պարունակվող հակաբիոտիկների ընդամենը 20%-ը: Կաթի մեջ դրանց գրեթե լիարժեք քայքայման կարելի է հասնել մինչեւ 30 րոպե 120 աստիճան ջերմաստիճանով եռման ժամանակ: Տնային պայմաններում, իհարկե, քչերն են դա անում:

Թռնչաբուծության եւ անասնաբուծության ոլորտում իրավիճակն ավելի վատ է. հաճախ անբարեխիղճ կամ անգրագետ ֆերմերներն իրենց կենդանիներին հակաբիոտիկներ են տալիս աճի եւ քաշի ավելացման համար: Արդյունքում մսի մեջ հայտնվում են մեծ քանակությամբ հակաբիոտիկներ:

Դրանց քանակությունը 90%-ով նվազեցնելու համար մինչեւ 2 կգ տավարի եւ խոզի միսը պետք է եփել 3 ժամ բաց կաթսաների մեջ, ընդ որում, մսի մեջ ջերմաստիճանը պետք է հասնի 80 աստիճանի, իսկ թռչնամիսը պետք է եփել: Ընդ որում, եփման պրոցեսում մոտ 70%-ն արգանակ է:      

Հիշեցնենք, որ փորձագետների խոսքով, եթե ոչինչ չձեռնարկվի հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածումը դադարեցնելու համար, ապա 2050 թվականին հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ավելի շատ մարդ կսպանի, քան քաղցկեղը: Արդեն այսօր վարակների պատճառով, որոնց դեմ անզոր են դեղամիջոցները, մահանում են հարյուրավոր մարդիկ: Օրինակ, Հայաստանում առողջանում է բազմաթիվ դեղային կայունությամբ տուբերկուլյոզով հվանդների միայն 53 տոկոսը, այն էլ երկարատեւ, ծանր եւ թանկարժեք բուժումից հետո:    



© NEWS.am Medicine