Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ

16:59   20 փետրվարի, 2020

Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն աղջիկներին, այլ նաեւ տղաներին: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ընտանեկան բժիշկ Նիկոլաս Արթինյանը (Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Նրա խոսքով՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստման արդյունավետությունն արդեն ակնհայտ է դառնում՝ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը նվազում է այն երկրներում, որտեղ պատվաստանյութը լայնորեն տարածված է:

«Անձամբ ես աշխատում եմ պատվաստել մեզ մոտ եկող մանկաբուժական տարիքի բոլոր պացիենտներին: Վերջին տարիներին ստացված տվյալները ցույց են տալիս, որ հիվանդացությունը (արգանդի վզիկի քաղցկեղով) իսկապես նվազում է, եւ սա անչափ կարեւոր է»,- ասաց մասնագետը:

Ըստ նրա՝ ՄՊՎ-ի դեմ անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն աղջիկներին, այլ նաեւ տղաներին: Իսկ դրա համր 2 պատճառ կա: Առաջին՝ այս վիրուսը տղաների համար նույնպես վտանգավոր է, քանի որ առաջացնում է ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղ, այլեւ առնանդամի, կոկորդի, բերանի խոռոչի քաղցկեղ: Երկրորդ՝ տղաների պատվաստումը կօգնի լավագույն պաշտպանություն ապահովել նաեւ աղջիկների համար. եթե տղամարդիկ ՄՊՎ-ով չվարակվեն, չեն վարակի նաեւ կանանց:

Ինչ վերաբերում է տարիքին, առավել արդյունավետ է համարվում մանկության տարիներին կատարված պատվաստումը: Սա, սակայն, չի նշանակում, որ ավելի մեծ տարիքի մարդկանց համար պատվաստումն անիմաստ է. Նիկոլաս Արթինյանի կարծիքով՝ ՄՊՎ-ի դեմ կարելի է եւ պետք է պատվաստել ոչ միայն երիտասարդներին 20 տարեկանից հետո, այլեւ 40-ն անց մարդկանց. նույնիսկ այս տարիքում պատվաստանյութը օգուտ կտա, վստահ է մասնագետը:

Մեկ ուրիշ ամերիկացի բժիշկ՝ գինեկոլոգ Սթյուարդ Մեյսոնը պնդում է, որ պատվաստման առավել տարածված «կողմնակի էֆեկտը» ներարկվելուց վախի պատճառով ուշագնացությունն է: Բայց նույնիսկ այս «կողմնակի էֆեկտը» ԱՄՆ-ում պատվաստանյութի օգտագործման ժամանակ գրանցվել է 25 պացիենտի մոտ: Կողմնակի էֆեկտների մասին մնացյալ բոլոր լուրերը, այդ թվում՝ անպտղության մասին, մասնագետը անհիմն եւ իրականությանը չհամապատասխանող է համարում:



© NEWS.am Medicine