• Latest news

Գարդասիլի պատճառով ի՞նչ կողմնակի ազդեցություններ են նկատվել ԱՄՆ-ում. ներկայացնում է ամերիկացի գինեկոլոգը

20 դեկտեմբերի, 2019  15:40

Որոշ աղջիկներ մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումից հետո ուշաթափվում են, եւ դա առավել տարածված «կողմնակի ազդեցությունն» է պատվաստումից։ ԱՄՆ-ում պատվաստանյութի օգտագործման ընթացքում գրանցվել է մոտ 25 նման դեպք։ Այս մասին NEWS.am Medicine-ի  թղթակցին ասաց գինեկոլոգ Ստյուարդ Մեյսոնը (ԱՄՆ)։

Նրա խոսքով՝ ուշաթափությունների պատճառը ոչ թե պատվաստանյութն է, այլ այն, որ աղջիկներն ավելի տպավորվող են. նրանցից ոմանք այնպես են վախենում ներարկումներից, որ ուշաթափվում են եւ կարող են գլխով հարվածվել, եթե ոչ ոք չհասցնի բռնել նրանց։ Եվ թեեւ նման բան պատահում է չափազանց հազվադեպ, որպես կողմնակի ազզեցություն նման ուշաթափության մասին նախազգուշացումը մտցվել է պատվաստանյութի ուղեցույցում։

Ինքը՝ բժիշկ Մեյսոնը, իր գործունեության ընթացքում չի հանդիպել ոչ ուշաթափությունների, ոչ որեւէ այլ կողմնակի ազդեցությունների պատվաստումից հետո, թեեւ պացիենտների 95 տոկոսը, նրա խոսքով, ստացել է պատվաստում։

Մեկ այլ հնարավոր կողմնակի ազդեցություն է ալերգիկ ռեակցիան սպիտակուցներից որեւէ մեկին, որը կա պատվաստանյութի մեջ։ Բժիշկ Մեյսոնի խոսքով՝ ալերգիկները հաճախ զգայուն են պատվաստանյութերից շատերի հանդեպ, այնպես որ ալերգիայի մասին հայտնի է դառնում դեռ մանուկ ժամանակվանից, եւ նման մարդիկ սովորաբար չեն պատվաստվում, կամ պատվաստվում են միայն նրանք, ովքեր հաստատ դրանց հանդեպ ալերգիա չունեն։

«Իմ գործունեության ընթացքում ես առայժմ չեմ հանդիպել պացիենտների, որոնք ալերգիա ունենային պատվաստանյութից։ Գուցե մի անգամ նման պացիենտ ունենամ, բայց առայժմ չեմ ունեցել»,- ասաց գինեկոլոգը։

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ՄՊՎ-ի դեմ պատվաստումը դառնալ անպտղության պատճառ, ինչպես պնդում են պատվաստման դեմ հանդես եկողները, բժիշկը նշել է, որ դա պարզապես անհնար է. գոյություն չունեն մեխանիզմներ, որոնց օգնությամբ պատվաստանյութը կարողանար ազդել բեղունության վրա։

«Պատվաստանյութը անգամ լիարժեք վիրուս չի պարունակում, միայն մասնիկներ, որոնք մարդու օրգանիզմը ճանաչում է եւ սկսում է մշակել պաշտպանական մեխանիզմներ։ Պատվաստանյութն անգամ ՄՊՎ-ն վարակել չի կարող, անպտղություն, մակաշերտավոր հյուսվածքի եւ այլ խնդիրներ առաջացնել նույնպես չի կարող, այդ ամենը առասպել է»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ շատ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն անպտղության եւ նրա պատճառների մասին, նրանք հաճախ անպտղության մեջ մեղադրում են պատվաստանյութը, համաշխարհային դավադրությունները եւ այլն՝ մոռանալով այդ երեւույթի իսկական պատճառների մասին։ Իսկ իսկական պատճառները կարող են լինել, օրինակ, փոքր կոնքի բորբոքային հիվանդությունները, սուսանակի եւ խլամիդիոզի վարակները եւ այլն։ Եթե այս բոլոր հիվանդությունները չբուժվեն, դրանք կարող են հանգեցնել արգանդի փողերի անանցանելիության, եւ կինը չի կարող հղիանալ։

Եթե մարդիկ  ավելի շատ տեղեկություն ստանան անպտղության իսկական պատճառների մասին, նրանք, գուցե, ավելի զգույշ կլինեն, կսկսեն օգտագործել պահպանակներ սեռական ակտերի ժամանակ՝ խուսափելու համար պոտենցիալ վտանգավոր վարակներից, պարբերաբար կստուգվեն եւ կբուժեն այդ հիվանդությունները՝ հայտնաբերման դեպքում, եւ այդ ժամանակ անպտղության տարածումը կարող է էապես նվազել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել