Կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին իսկ օրերին մետֆորմինի ընդունումը կարող է նպաստել երկարատև COVID-19-ի կամ մահվան ռիսկի նվազմանը։ Նման եզրահանգման են եկել Մինեսոտայի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները՝ ուսումնասիրելով ամերիկացի պացիենտների բժշկական տվյալները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medical Virology ամսագրում։ Գիտնականները համեմատել են 248-ական մարդուց բաղկացած երկու խումբ։ Առաջին խմբի մասնակիցները COVID-19-ի ախտորոշումից հետո վեց օրվա ընթացքում մետֆորմինի դեղատոմս են ստացել։
Իսկ ստուգիչ խմբի պացիենտներին նույն ժամանակահատվածում նշանակվել են այլ դեղամիջոցներ՝ ֆլուվօքսամին, ֆլուտիկազոն, իվերմեկտին կամ մոնտելուկաստ։
Վեց ամսվա կտրվածքով երկարատև COVID-19 կամ մահվան ելք է գրանցվել մետֆորմին ընդունած պացիենտների 4%-ի և ստուգիչ խմբի մասնակիցների 8,5%-ի մոտ։ Այսպիսով, բացարձակ տարբերությունը կազմել է 4,5 տոկոսային կետ, իսկ ռիսկի հարաբերական նվազումը՝ մոտ 53%։
Մետֆորմինը դեղամիջոց է, որը կիրառվում է նախադիաբետի և երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման նպատակով։ Երկու խմբերի մասնակիցների կեսից ավելին վարակված է եղել վիրուսի «օմիկրոն» տարբերակով։
Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները համահունչ են բրիտանական ավելի վաղ արված հետազոտության տվյալներին։
Այդուհանդերձ, աշխատությունը հիմնված է էլեկտրոնային բժշկական քարտերի վերլուծության վրա և չի ապացուցում, որ հենց մետֆորմինն է ապահովել ռիսկի նվազումը։
Դեղամիջոցի ազդեցությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, այդ թվում՝ կլինիկական փորձարկումներ։
Առայժմ այս արդյունքները չեն նշանակում, թե երկարատև COVID-19-ը կանխարգելելու համար պետք է ինքնակամ մետֆորմին ընդունել. դեղամիջոցն ունի հակացուցումներ, և այն պետք է նշանակի բացառապես բժիշկը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day