• Latest news▼

Մեկ հաբ՝ երկուսի փոխարեն. նոր մոտեցումն օգնել է ավելի լավ վերահսկել դիաբետը

4 նոյեմբերի, 2026  22:34

Երեք դեղամիջոցների համադրությունը մեկ հաբում օգնել է երկրորդ տիպի դիաբետ ունեցող բուժառուների մոտ արյան մեջ շաքարի մակարդակն ավելի արդյունավետ իջեցնել, քան երկու դեղամիջոցով բուժումը: Դա է վկայում Հնդկաստանում անցկացված և Advances in Therapy բժշկագիտական հանդեսում հրապարակված III փուլի կլինիկական հետազոտությունը:

Հետազոտությանը մասնակցել է 536 չափահաս բուժառու, որոնց մոտ գլիկացված հեմոգլոբինի մակարդակը՝ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում արյան մեջ շաքարի միջին մակարդակն արտացոլող ցուցանիշը, չնայած բուժմանը՝ մնացել էր բարձր: 16 շաբաթվա ընթացքում մասնակիցներից մի քանիսն ստացել են երեք դեղամիջոցների համադրություն՝ դապագլիֆլոզին, գլիմեպիրիդ և մեթֆորմին: Մյուսներն առանձին հաբերով ընդունել են գլիմեպիրիդ և մեթֆորմին:

Երեք դեղամիջոց ստացած բոլոր խմբերում գլիկացված հեմոգլոբինի մակարդակն ավելի ուժեղ է նվազել: Կախված դեղաչափից՝ նվազումը կազմել է 2,17–2,25 տոկոսային կետ՝ երկու դեղամիջոցով բուժման դեպքում գրանցված 1,64–1,72 կետի դիմաց:

Գլիկացված հեմոգլոբինի թիրախային մակարդակին՝ 7%-ից ցածր, հասել է մեթֆորմինի ավելի փոքր դեղաչափով խմբի մասնակիցների շրջանում 71%-ը և ավելի մեծ դեղաչափով խմբի 78%-ը: Երկու դեղամիջոցով բուժման դեպքում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար մոտ 47% և 53%:

Կողմնակի ազդեցությունների հաճախականությունը համեմատելի է եղել բոլոր չորս խմբերում: Հետազոտության հիմնական շրջանում գրանցվել է անցանկալի երևույթների 26 դեպք, դրանց թվում՝ ջերմության բարձրացում, փսխում և գլխացավ: Դրանք բոլորն էլ եղել են թեթև կամ չափավոր: Հետազոտողները լուրջ կողմնակի ազդեցություններ և հիպոգլիկեմիայի դեպքեր՝ արյան մեջ շաքարի վտանգավոր նվազում, չեն հայտնաբերել:

Հեղինակները նշում են, որ երեք դեղամիջոցների միավորումը մեկ հաբում կարող է պարզեցնել բուժումը և նվազեցնել հաբերի քանակը, որոնք բուժառուն ստիպված է լինում ընդունել ամեն օր: Սակայն հետազոտությունն ուղղակիորեն չի գնահատել, թե արդյոք նման սխեման մեծացնում է բուժմանը հետևելու հավանականությունը:

Աշխատանքն ունի սահմանափակումներ. այն տևել է համեմատաբար կարճ, անցկացվել է միայն Հնդկաստանում և չի ներառել դիաբետի որոշ լուրջ բարդություններ ունեցող բուժառուների: Հետազոտողներն ընդգծում են ավելի երկարաժամկետ դիտարկումների անհրաժեշտությունը՝ գնահատելու թերապիայի երկարաժամկետ անվտանգությունը և դրա ազդեցությունը բարդությունների ռիսկի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll