• Latest news▼

Օրենբուրգում վիրաբույժները կնոջից 27,5 կիլոգրամ քաշով ուռուցք են հեռացրել

4 նոյեմբերի, 2026  14:41

Օրենբուրգի մարզային հիվանդանոցի անոթային վիրաբույժները պացիենտից 27,5 կիլոգրամ կշռող ուռուցք են հեռացրել՝ վերականգնելով կնոջ՝ ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը։ Այս մասին հայտնել են մարզի առողջապահության նախարարությունից։

Գերատեսչության տեղեկություններով՝ պացիենտի մոտ զարգացել էր ծանր լիմֆոստազ (ավշային կանգ)՝ հիվանդություն, որի դեպքում խանգարվում է ավշի արտահոսքը, իսկ հյուսվածքները հեղուկի կուտակման հետևանքով սկսում են մեծանալ։ Ժամանակի ընթացքում ախտահարված հատվածը հսկայական չափերի էր հասել, կինը գրեթե կորցրել էր տեղաշարժվելու ունակությունը և չէր կարողանում կատարել կենցաղային սովորական գործողություններ։ Կնոջ ամուսինն օգնության խնդրանքով դիմել էր Օրենբուրգի մարզային հիվանդանոց։

«Վ. Ի. Վոյնովի անվան Օրենբուրգի մարզային հիվանդանոցի անոթային վիրաբույժները պացիենտից 27,5 կիլոգրամ կշռող հսկայական ուռուցք են հեռացրել։ Վիրահատությունից ընդամենը մի քանի օր անց կինն արդեն կարողացել է ինքնուրույն քայլել»,- պատմել են առողջապահության նախարարությունում։

Վիրահատության նպատակը սահմանազատված ախտահարված հյուսվածքների զանգվածի հեռացումն էր։ Անհրաժեշտ էր հատել մաշկը, ենթամաշկային ճարպաբջջանքը, փակեղը (ֆասցիան) և վերջույթի նոր հատված ձևավորել։ Չնայած ախտահարման մասշտաբներին և վիրաբուժական միջամտության բարդությանը՝ բժիշկներին հաջողվել է հեռացնել ախտահարված հյուսվածքները։

«Վիրահատությունը բարդ էր և մեծ թիմի համաձայնեցված աշխատանք էր պահանջում։ Միջամտությունն իրականացրել է չորս վիրաբույժ։ Նրանց հետ աշխատել է անեսթեզիոլոգների և վիրահատարանի մասնագետների լիարժեք բրիգադ՝ ընդհանուր առմամբ ութ հոգի»,- նշել են նախարարությունում։

Վիրահատությունն անցել է առանց արյան փոխներարկման, հետվիրահատական շրջանը բարեհաջող է ընթացել, և պացիենտը կրկին կարող է ինքնուրույն տեղաշարժվել, ընդգծել են գերատեսչությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll