• Latest news▼

Նիհարելու դեղամիջոցները դիտարկվում են որպես հիշողության և մտածողության պահպանման հնարավոր միջոց

7 նոյեմբերի, 2026  14:39

Ճարպակալման և երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղամիջոցները, ներառյալ սեմագլուտիդն ու տիրզեպատիդը, կարող են ազդել գլխուղեղի աշխատանքի վրա։ Այդուհանդերձ, առայժմ բավարար տվյալներ չկան պնդելու համար, որ դրանք օգնում են պահպանել հիշողությունն ու կոգնիտիվ այլ ունակությունները։

Նման եզրահանգման են եկել Գյոթեբորգի և Կոպենհագենի համալսարանների հետազոտողները՝ Science ամսագրում հրապարակված վերլուծական ակնարկում։

Կենդանիների վրա կատարված փորձարկումները ցույց են տալիս, որ GLP-1 ընկալիչների վրա ներգործող դեղամիջոցները կարող են ազդեցություն ունենալ ուսուցման և հիշողության վրա։

Բժշկական տվյալների ուսումնասիրությունները դրանց կիրառումը կապում են նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց շրջանում դեմենցիայի ավելի ցածր ռիսկի հետ։ Սակայն նմանատիպ դիտարկումները դեռ չեն ապացուցում, որ հենց դեղամիջոցներն են ապահովում այդ պաշտպանիչ ազդեցությունը։

Բացի այդ, EVOKE և EVOKE+ խոշոր կլինիկական հետազոտությունների ընթացքում սեմագլուտիդը չի դանդաղեցրել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը վաղ փուլում՝ անկախ հիվանդության որոշ կենսաբանական մարկերների փոփոխություններից։

Գիտնականները ենթադրում են, որ դեղամիջոցները կարող են ավելի օգտակար լինել պացիենտների այլ խմբերի համար. օրինակ՝ ճարպակալում կամ դիաբետ ունեցող այն անձանց դեպքում, որոնց մոտ դժվարություններ են առաջանում ուշադրության կենտրոնացման, պլանավորման և տեղեկատվության մշակման արագության հետ կապված։ Այդ խանգարումները կարող են պայմանավորված լինել նյութափոխանակությամբ և անոթների վիճակով։

Հետազոտողները կոչ են անում կլինիկական փորձարկումներ անցկացնել, որոնց ժամանակ մասնակիցների կոգնիտիվ ունակությունները կգնահատվեն բուժման հենց սկզբից։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև տարեց և թուլացած պացիենտներին սպառնացող հնարավոր ռիսկերը. քաշի կտրուկ նվազումն ու մկանային զանգվածի կորուստը կարող են վատթարացնել նրանց ֆիզիկական վիճակը։

Առայժմ հայտնի չէ՝ գլխուղեղի վրա այդ դեղամիջոցների հնարավոր ազդեցությունը պայմանավորվա՞ծ է նյութափոխանակության բարելավմամբ, նյարդային համակարգի վրա դրանց անմիջական ներգործությամբ, թե՞ երկու մեխանիզմների համադրությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll