COVID-19-ի դեմ տոցիլիզումաբի արդյունավետությունը չի ապացուցվել

11:17   26 հունիսի, 2020

Դեղամիջոցների իտալական գործակալությունը (AIFA) ժամկետից շուտ դադարեցրել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման մեջ տոցիլիզումաբ դեղամիջոցի պատահական ընտրանքով հետազոտությունները. այն չի նվազեցրել հիվանդության ծանր ընթացքի հնարավորությունը եւ չի մեծացրել պացիենտների ապրելիությունը, հայտնում է գործակալությունը:

Հետազոտությունն անցկացվել է Իտալիայի 24 բժշկական կենտրոններում՝ հաստատված COVID-19-ով 123 կամավորների մասնակցությամբ: Տոցիլիզումաբ ստացող պացիենտների խմբում սրացումներ են եղել գրեթե նույնքան հաճախ, որքան ստանդարտ թերապիա ստացող հիվանդների շրջանում՝ 28,3 տոկոս ընդդեմ 27,0 տոկոսի: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում է պահանջվել տոցիլիզումաբ ստացող պացիենտների 10 տոկոսի համար, եւ միայն 7 տոկոսի համար՝ հսկիչ խմբից: Երկու խմբերում էլ մահացությունը փաստացի միատեսակ էր՝ 3,3 տոկոս ընդդեմ 3,2 տոկոսի:

Այս արդյունքների վրա հիմնվելով՝ AIFA-ն ժամանակից շուտ դադարեցրել է դեղամիջոցի հետագա հետազոտությունը եւ հանձնարարել այն փորձարարական դիտարկել այնքան ժամանակ, մինչեւ հայտնվեն այլ փորձարկումների ավելի համոզիչ արդյունքներ:

Սակայն Roche դեղամիջոց արտադրողը նախատեսում է COVID-19-ի ծանր ընթացքով պացիենտների բուժման մեջ տոցիլիզումաբի սեփական փորձարկումների III փուլի անցկացում: Reuters-ի տվյալներով՝ փորձարկումներին մասնակցելու համար ներգրավել են 450 կամավորների:

Տոցիլիզումաբը ռեւմատոիդ արթրիտի բուժման համար նախատեսված դեղամիջոց է: Այս դեղամիջոցով կորոնավիրուսային ինֆեկցիան բուժելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ փետրվարին չինացի գիտնականները հրապարակել էին փոքր հետազոտություն, որը ցույց էր տալիս տոցիլիզումաբի պոտենցիալը, որը «հանդարտեցրել» էր օրգանիզմի չափից ավելի ագրեսիվ իմունային պատասխանը: Սակայն այդ հետազոտության մեջ հսկիչ խումբ չի եղել, ուստի անհնար էր դեղամիջոցի արդյունավետությունը համեմատել այլ թերապիայի հետ:

Նշենք, որ սարիլումաբ դեղամիջոցը, որը նախկինում կիրառվել է ռեւմատոիդ արթրիտի բուժման համար, նույնպես անարդյունավետ է COVID-19-ի դեպքում:

Բարիցիտինիբ դեղամիջոցը, որը եւս նախատեսված է ռեւմատոիդ արթրիտի բուժման համար, նույնպես պոտենցիալ արդյունավետ է համարվում COVID-19-ի դեմ: Սակայն առայժմ այն այդպիսին է համարում միայն ԱԻ-ն. այս դեղամիջոցի ռեալ փորձարկումների տվյալներ  դեռեւս չկան:



© NEWS.am Medicine