Ինչպե՞ս է իրականցվում կորոնավիրուսով պացիենտների տեսակավորումը

23:05   22 հոկտեմբերի, 2020

Կորոնավիրուսային վարակով պացիենտների տեսակավորում Հայաստանում իրականացվում է եւ միշտ իրականացվել է: Տրիաժ կենտրոնը, որը զբաղվում է այդ տեսակավորմամբ, գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ տրիաժ կենտրոնին է ներկայացվում բոլոր հայտնաբերված հիվանդների վիճակը, եւ մասնագետները, կախված պացիենտի տարիքից, առողջական վիճակից, ուղեկցող հիվանդություններից եւ այլ տվյալներից, որոշում են կայացնում, թե որտեղ պետք է տեղավորվի տվյալ պացիենտը եւ ինչպես պետք է ընթանա նրա բուժումը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում:

53 պացիենտներ միացված են թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքերին: COVID-19-ով 589 պացիենտներ ծանր վիճակում են, իսկ եւս 139-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր կամ կրիտիկական: 

Ներկա դրությամբ, շատ են նաեւ հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել, որ հիվանդանոցներից մեկում տեղ ազատվի եւ որ իրեն կարողանան ընդունել: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ծանր հիվանդներին ստացիոնար պայմաններում բուժում են մեկ-երկու օր, վիճակը կայունացնում են եւ դուրս գրում, որպեսզի կարողանան հաջորդ պացիենտներին ընդունել:

Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է խստորեն հետեւել երեք պարզ կանոններին՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը եւ սոցիալական հեռավորություն պահպանել:



© NEWS.am Medicine