21:21 5 սեպտեմբերի, 2014«Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը Համահայկական երիտասարդական հիմնադրամի հետ մեկտեղ մեկնարկել է «Ծխախոտի եւ երկրորդային ծխի ազդեցությունը սեռական եւ վերարտադրողական առողջության վրա» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղեկատվություն տարածել այն մասին, թե ինչպես է ծխելն ազդում մարդու վերարտադրողական համակարգի վրա։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է կազմակերպության տնօրեն, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը, հարցումների միջոցով նրանք փորձել են պարզել, արդյոք մարդիկ գիտեն այն մասին, թե ինչպես է ծխախոտն ազդում առողջության վրա։ Պարզվել է, որ շատերը գիտեն, որ ծխախոտը, օրինակ, թոքի քաղցկեղ է առաջացնում, բայց միայն եզակի մարդկանց էր հայտնի, որ ծխելը նաեւ սեռական ֆունկցիայի վրա ուղիղ ազդեցություն ունի: Այդ պատճառով էլ սեքսապաթոլոգների մոտ ծագել է այս ծրագրի գաղափարը։
Ծրագիրը մեկնարկել է մի քանի օր առաջ, եւ դրա շրջանակներում նախատեսվում է տեղեկատվական բրոշյուրներ տպել, սոցիալական գովազդ նկարահանել եւ երկու հեռուստահաղորդում պատրաստել։ Բացի այդ, սեքսապաթոլոգները Երեւանի 7 համալսարաններում անցկացնելու են դասախոսություններ թեմայի շուրջ՝ հիմնված միջազգային փորձի, լուրջ հետազոտությունների եւ ճշգրիտ տվյալների վրա։
Գուցե բոլոր այս միջոցառումները չեն կարողանա նվազեցնել ծխողների թիվը երկրում, բայց Ռուզաննա Ազատյանը համոզված է, որ դրանք կօգնեն գոնե տեղեկացնել մարդկանց այն մասին, թե ինչպես է ծխախոտի ծուխն ազդում նրանց սեռական առողջության վրա: