16:06 4 ապրիլի, 2025ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ մեզ հայտնի էր դարձել, որ ԱՆ ենթակայության տակ գտնվող երկու բուժկենտրոնների՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենները՝ Արման Հովակիմյանն ու Նարեկ Մանուկյանը կլքեն իրենց պաշտոնները։
Երեկ կառավարության նիստից հետո նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց այդ լուրը, նշելով, որ մի քանի բժշկական կենտրոնների տնօրենների փոփոխություն կլինի։ Նա հաստատեց նաև այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի տնօրենի պաշտոնին հավակնում է ՀՀ ԱԺ առողջապահական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում պաշտոնակատար առայժմ չի նշանակվել և Արման Հովակիմյանը դեռ շարունակում է պաշտոնավարել։
Նախարարությունից նաև հայտնեցին, որ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու պահից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում հայտարարվում է բաց մրցույթ։ Հայտարարությունը կտեղադրվի ԱՆ պաշտոնական կայքում: