Խնդրո՞ւմ եք արդյոք, որ Ձեր ներկայությամբ չծխեն. NEWS.am Medicine-ի հարցումը

14:48   4 նոյեմբերի, 2014

NEWS.am Medicine-ի խմբագրությունը հարցում է անցկացրել՝ ընթերցողների շրջանում՝ փորձելով պարզել, թե նրանց որ մասն է իր ներկայությամբ չծխելու խնդրանք հնչեցնում: 

Հարցվածների 50 տոկոսը պատասխանել են, որ ամեն ինչ կոնկրետ իրադրությունից է կախված. երբեմն կարող են խնդրել, որ սիգարետը հանգցվի, երբեմն էլ՝ ոչ: 35 տոկոսը գրեթե միշտ խնդրում է, որ իր ներկայությամբ՝ հատկապես երթուղայիններում եւ փակ տարածքներում սիգարետ չծխեն: Եւս 15 տոկոսը նշել են, որ դեմ չեն սիգարետի ծուխն առնելուն:

Հարցմանն ընդամենը 3031 մարդ է մասնակցել:

Այն մասին, թե ինչիպիսի ազդեցություն կարող է սիգարետի ծուխը տղամարդու, կնոջ եւ երեխայի առողջության վրա թողնել, բազմիցս ենք գրել: Ստորեւ փորձենք նաեւ պասիվ ծխելու վնասակարության չափը պարզել:

Ինչպես Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի հետ ընթացքում նշել, ակտիվ եւ պասիվ ծխողները նույնպիսի վնաս են հասցնում՝ իրենց սրտանոթային համակարգին եւ առաջիկայում որեւէ սրտանոթային հիվանդություն ձեռք բերելու նույնչափ ռիսկի ենթարկվում:

Ի միջի այլոց, Հայաստանում գրանցվող մահացության դեպքերի մոտավորապես 50 տոկոսի պատճառը հենց սրտանոթային հիվանդություններն են, որոնց առաջացման համար գլխավորապես ծխելու սովորությունն է պատասխանատու:

Ծխելու թե ակտիվ, եւ թե պասիվ սովորությունը կարող է նաեւ քաղցկեղի առաջացում հրահրել: Ընդ որում, խոսքը միայն թոքերի քաղցկեղի մասին չէ (այն մասին, թե ինչ կարող է սիգարետի ծուխը թոքերի հետ անել, հետեւյալ հղմամբ կարող եք դիտել). սիգարետը կարող է նաեւ  միզապարկի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Ծխողները, անկախ սեռից, հաճախ նաեւ սեռական բնույթի խնդիրների են բախվում. ծխող տղամարդկանց մոտ՝ էրեկցիայի, իսկ կականց շրջանում՝ վերարտադրողական գործառույթի եւ դաշտանադադարի վաղ մեկնարկի հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ:

Այնպես որ, մի պահ կանգ առեք եւ մտածեք՝ չարժե՞ արդյոք խնդրել, որ Ձեր եւ հատկապես երեխաների ներկայությամբ ոչ ոք չծխի:



© NEWS.am Medicine