Այսօր ծխելուց հրաժարման միջազգային օրն է նշվում

13:11   20 նոյեմբերի, 2014

Նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթի օրը բազմաթիվ երկրներում դեռեւս 1977թ.-ին Ամերիկյան օնկոլոգիական ընկերակցության (American Cancer Society) նախաձեռնությամբ սահմանված՝ ծխելուց հրաժարման միջազգային օրն է նշվում (No Smoking Day):

Այն մասին, թե որքան վտանգավոր է ծխելը, բազմիցս ենք գրել: ԱՀԿ-ի տվյալներով, թոքերի քաղցկեղով մահացության՝ 90, քրոնիկ բրոնխիտով՝ 75 եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 25 տոկոս դեպքերում մեղավորը հենց ծխելու սովորությունն է: Բացի այդ, հենց ծխելն է անբուժելի համարվող, մարդուն դանդաղ, բայց եւ հաստատուն քայլերով սպանող թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առաջացման գլխավոր պատճառներից մեկը հանդիսանում:

ԱՀԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, յուրաքանչյուր տասը վայրկանը մեկ երկրագնդի մեկ բնակիչ է մահանում՝ ծխելու հետ կապված պատճառներով, իսկ մինչ 2020թ.-ը մահացողների թիվը կարող է երեք վայրկյանում մեկ մարդու հասնել: 

Օրվա հիմնական նպատակը ծխելուց ստացվող վնասների մասին տեղեկացվածության ավելացումը եւ ծխախոտային կախվածության տարածվածության նվազեցումն է, ինչի շնորհիվ կարելի է մարդկանց առողջության նշանակալի բարելավման հասնել:

Ծխելուց հրաժարման միջազգային օրը հրաշալի պատրվակ է՝ վնասակար սովորությունը թողնելու համար: Եթե հավելյալ մոտիվացիայի կարիք ունեք, կարող եք ստորեւ՝ հղմամբ բերված տեսանյութը դիտել, որտեղ հստակ երեւում է, թե ինչ է անում սիգարետի ծուխը՝ թոքերի հետ: Կարող եք նաեւ հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր թոքաբանի պատմած անեկդոտը վերհիշել:

«10 պատճառ՝ ծխելը հենց հիմա թողնելու համար» նյութը եւս կարող է մոտիվացման հավելյալ աղբյուր ծառայել:



© NEWS.am Medicine