Ի՞նչ խնդիրներով են տղամարդիկ Հայաստանում սեքսապաթոլոգի դիմում

23:40   5 դեկտեմբերի, 2014

Սեռական համակարգի հետ կապված ո՞ր խնդիրներն են Հայաստանում առավել տարածված։ Ի՞նչ խնդիրներով են հայ տղամարդիկ առավել հաճախ սեքսապաթոլոգի դիմում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ է զրուցել։

Էրեկցիայի խանգարումներ

Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից մեկը էրեկցիայի խանգարումն է, որը կարող է մի շարք պատճառներ ունենալ։ Պատճառներից մեկը ծխախոտն է, որի մեջ պարունակվող նյութերը նվազեցնում են տեստոստերոն հորմոնի քանակը, նեղացնում են անոթները եւ խախտում են սեռական օրգանների արյան մատակարարումը, ինչի հետեւանքով կարող է սեռական թուլություն առաջանալ։

Էրեկցիայի խանգարումները կարող են նաեւ մի շարք այլ պատճառներ ունենալ, որոնց թվում են մի շարք հիվանդություններ, ներառյալ սեռավարակները։

Սերմնաժայթքման խանգարումներ

Սերմնաժայթքման խանգարումների խնդիրն այսօր նույնպես շատ արդիական է ողջ աշխարհում։ Այդ խանգարումների մի քանի տեսակ է լինում. վաղաժամ սերմնաժայթքում, սերմնաժայթքման ուշացում կամ բացակայություն եւ այլն։ Բոլոր այս խնդիրների դեպքում, եթե դրանք կրկնվող բնույթ են կրում, հարկավոր է դիմել մասնագետի։

Անպտղություն

Տղամարդկային անպտղությունը նույնպես շատ տարածված խնդիր է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Նախկինում համարվում էր, որ զույգի անպտղության մեջ միայն կինն է «մեղավոր», սակայն, ինչպես մասնագետներն են պարզել, իրականում զույգի անպտղության պատճառը առնվազն 50 ոկոս դեպքերում տղամարդն է։

Անպտղության դեմ պայքարին ուղղված հնարավոր քայլերի մասին NEWS.am Medicine-ի խմբագրությունն արդեն գրել է։

Սեռական ցանկության բացակայություն

Սեռական ցանկության բացակայության խնդիրը տղամարդկանց շրջանում շատ չէ տարածված, բայց հանդիպում է։ Դա կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, որոնց մասին կարող եք կարդալ մեր հաջորդ նյութերում։



© NEWS.am Medicine