Ինչպե՞ս ճիշտ աթոռ ընտրել

20:44   23 հուլիսի, 2015

Անհարմար աթոռը չի կարող նպաստել սկոլիոզի զարգացմանը , սակայն այն կարող է ողնաշարի մի շարք խնդիրների՝ օրինակ, օստեոխոնդրոզ պատճառ դառնալ: Ինչպե՞ս ճիշտ աթոռ ընտրել: Խորհուրդ է տալիս օրթոպեդ- տրավմատոլոգ Հակոբ Հովյաննիսյանը:

Նրա խոսքով՝ աթոռի ընտրությունը շատ ինդիվիդուալ հարց է, եւ մի մարդուն հարմար աթոռը կարող է հարմար չլինել մյուսի համար: Ամեն մարդ պետք է այնպիսի աթոռ ընտրի, որը համապատասխանում է նրա կազմվածքին, հասակին ու քաշին:

«Աթոռը կոշիկի պես մի բան է, այն բոլորի համար տարբեր է», - նշեց մասնագետը:

Կա, իհարկե, նաեւ մի կանոն, որը պարտադիր է բոլորի համար՝ աթոռը պետք է պինդ լինի: Այսինքն՝ չի կարելի գնել աթոռներ, որոնք չորս ոտք չունեն, այլ պահվում են ըդնամենը մեկի վրա, որը ամրացրած է հիմքին անիվներով: Այսպիս աթոռները հեշտությամբ մի կողմից մյուսն են թեքվում: Այս աթոռի վրա մշտապես նստած մարդը կարող է դա չնկատել, սակայն ողնաշարի ծուռ դիրքը վաղ թե ուշ իր գործը կանի:

Մասնագետը խորհուրդ է տալիս չզլանալ ու աթոռ գնելիս ուշադիր զննել դրանք՝ նստել դրանց վրա՝ փորձելով ամրությունը եւ հարմարավետությունը: Եթե աթոռն ամուր է, եթե հարմար է մեջքի ու ոտքերի համար, ապա դա, ամենայն հավանականությամբ, «հենց այն աթոռն» է:

 



© NEWS.am Medicine