Ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ կարող են դիմել բնակչության վայրի պոլիկլինիկա եւ գրիպի դեմ անվճար պատվաստում ստանալ: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ռիսկի խմբի մեջ առաջին հերթին մտնում են խրոնիկական հիվանդություններով մարդիկ: Համարվում է, որ նրանց մոտ բարձր է ինչպես գրիպով հիվանդացման, այնպես էլ դրա պատճառով լուրջ բարդացումների ռիսկը: Ռիսկի խմբի մեջ մտնում են նաեւ տարեցներ, մանկատներում ապրող երեխաներ եւ պոլիկլինիկաների աշխատակիցներ, հղի կանայք եւ այլք: Մասնագետների կարծիքով, գրիպի դեմ պատվաստում պիտի ստանան առաջին հերթին հենց այդ մարդիկ:
«Խրոնիկական հիվանդություններով մարդիկ շատ խոցելի են. եթե հարուցիչով վարակվեն, մեծ է ռիսկը, որ նրանց մոտ լուրջ բարդացումներ կլինեն», - նշել է Գայանե Սահակյանը` հավելելով, որ պոլիկլինիկաների աշխատակիցներն արդեն հրահանգ են ստացել պատվաստում առաջարկել իրենց մոտ գրանցված սիրտ-անոթային, էնդոկրին համակարգի, շնչառական համակարգի եւ այլ խրոնիկական հիվանդություններով հիվանդներին:
Պատվաստում կստանան նաեւ երկար ժամանակ հիվանդանոցներում գտնվող հիվանդները (օրինակ` հոգեկան խանգարումներով մարդիկ, որոնք ստացիոնար բուժում են ստանում):
Այն բանից հետո, երբ վերոհիշյալ խմբերի պատկանող մարդիկ պատվաստանյութ ստանան, հնարավոր կլինի կտածել նաեւ ուրիշների` ընդհանուր առմամբ առողջ մարդկանց պատվաստման մասին, նշել է Գայանե Սահակյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել գրիպի դեմ պատվաստանյութի 15 000 չափաբաժին: Ինչպես նշել է Գայանե Սահակյանը, Առողջապահության նախարարությունն այժմ անում է ամեն հնարավորը պատվաստանյութի նոր չափաբաժիններ Հայաստան ներմուծելու համար, որպեսզի դրանց պակաս չառաջանա:
Հիշեցնենք նաեւ, որ պատվաստանյութի կազմի մեջ է մտնում H1N1 (այսպես կոչված խոզի գրիպը) գրիպի հարուցիչի շտամմ: Սակայն ոչ բոլորին է կարելի պատվաստվել. որոշ հիվանդությունների եւ ալերգիաների դեպքում պատվաստումը հակացուցված է: