Երեւանում կրծքի քաղցկեղով հիվանդ կանանց աջակցությանը նվիրված բարեգործական համերգ տեղի կունենա

13:53   26 փետրվարի, 2016

Էդգար Գյանջումյանի ղեկավարած մանկական երգչախումբը, ինչպես նաեւ երգիչներ Ալլա Լեւոնյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը եւ ուրիշներ հանդես կգան բարեգործական համերգին, որի նպատակը Հայաստանում կրծքի քաղցկեղի վերաբերյալ տեղեկությունների տարածումն է: Համերգի ընթացքում հավաքված բոլոր միջոցները  կծախսվեն կրծքի քաղցկեղով հիվանդ մի քանի կնոջ բուժման համար: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանում «Եվրոպա Դոննա» կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Քոչարյանը:

Նրա խոսքով, համերգի հիմնական առաքելությունը ոչ միայն գումարներ հավաքելն է, որոնք կօգնեն կազմակերպել գոնե մի քանի կնոջ բուժումը, այլեւ կրծքի քաղցկեղի մասին տեղեկությունների տարածումը: Ցավոք, Հայաստանում նման տեղեկատվությունն այնքան շատ չէ, որքան ցանկալի կլիներ, հատկապես երկրի մարզերում շատերը գործնականում ոչինչ չգիտեն ոչ այդ հիվանդության, ոչ դրա ախտորոշման կամ բուժման հեռանկարների մասին:

Համերգից հետո մեկ ամսվա ընթացքում կազմակերպիչները «Եվրոպա Դոննա» կազմակերպության հայկական ներկայացուցչության կայքում (որը ստեղծման փուլում է) հաշվետվություն կներկայացնեն այն մասին, թե որքան գումար է հավաքվել, ինչ է արվել եւ ով է բուժում ստանալու:

Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն իր հերթին նշել է, որ ինքը մեծ ուրախությամբ իր ղեկավարած մանկական երգչախմբի հետ կմասնակցի համերգին, որի ընթացքում երգչախումբը կկատարի նրա ստեղծագործություններից մի քանիսը: Իմիջիայլոց, ինքը` Գյանջումյանը սեփական փորձով գիտի, թե ինչ է քաղցկեղը. մոտ 11 տարի առաջ նա պայքարել է այդ հիվանդության դեմ եւ հաղթել է:

Ինչպես իր հերթին նշել է հասարակական գործիչ Սուսաննա Սերոբյանը, որը եւս ժամանակին հաղթահարել է քաղցկեղը, համերգի յուրաքանչյուր տոմսը «առողջության մի բջիջ է, որը կարող է օգնել որեւէ մարդու»:

Համերգը տեղի կունենա մարտի 3-ին` «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում: Համերգի նշանաբանն է` «Դու մենակ չես»: Համերգով կտրվի նաեւ տեղեկատվական արշավի մեկնարկը, որը, ինչպես եւ համերգը, պիտի նպաստի Հայաստանում քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:



© NEWS.am Medicine