2007-ից 2015-ին Հայաստանի երկու կլինիկայում 1001 երեխայի մոտ աուտիզմ են ախտորոշել: Այդ մասին լրագրողներին հայտնել է հոգեբույժ Կարինե Լյուլեջյանը: Ցավոք սրտի, տվյալներ չկան ամբողջ երկրում հիվանդացման մասին:
Կարինե Լյուլեջյանի խոսքով, այս երեխաներից բացի, մասնագետներն աշխատել են աուտիզմի ախտանիշներով ուղեկցվող զարգացման այլ խանգարումներ ունեցող մեծ թվով երեխաների հետ:
Մասնագետի խոսքով, վերջին տարիներին ամբողջ աշխարհում խոսում են աուտիզմի իսկական պանդեմիայի մասին. այդ խանգարումը գնալով ավելի ու ավելի հաճախակի է ախտորոշվում երեխաների մոտ: Հետաքրքիր է, որ 2000 թվից հետո աուտիզմով հիվանդացումը սկսել է հետեւողականորեն աճել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: ԱՄՆ-ում, օրինակ, այսօրվա դրությամբ, ամեն 68 երեխայից մեկն աուտիզմով է տառապում:
Մասնագետների խոսքով, որքան ավելի վաղ երեխայի մոտ ախտորոշվի աուտիզմը եւ որքան ավելի վաղ մասնագետները սկսեն աշխատել նրա հետ, այնքան ավելի արդյունավետ կլինի թերապիան: Առանձնապես բարդ չէ ճանաչել աուտիզմի ախտանիշները. Ցանկացած ուշադիր ծնող կարող է մի շարք ախտանիշներով որոշել, թե արդյոք արժե երեխային ցույց տալ մասնագետին:
Հիշեցնենք, որ մասնագետների խոսքով, աուտիզմն այսօրվա դրությամբ Հայաստանում երեխաների զարգացման ամենատարածված խանգարումներից է: Հատուկ պահանջմունքներով 100 երեխայից մոտավորապես 30-35-ի մոտ կարելի է աուտիստական սպեկտրի խանգարում ախտորոշել:






