Հայաստանում մի քանի վերականգնողական կենտրոն է գործում, որոնք օգնում են աուտիզմով երեխաներին: Սակայն այդ թիվը բավարար չէ դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին օգնելու համար` միաժամանակ նրանց չստիպելով հերթերում սպասել: Այսօր մամուլի ասուլիսին նման կարծիք է հայտնել հոգեբույժ Կարինե Լյուլեջյանը:
Մասնագետի խոսքով, Երեւանում 1999-ից ի վեր գործում է վերականգնողական «Արբես» կենտրոնը, որտեղ աշխատում են աուտիզմով երեխաների հետ, այդ թվում նաեւ` պետպատվերի շրջանակում: Ճիշտ է, այսօրվա դրությամբ օգնության կարիք ունեցող երեխաների թիվը բավականին մեծ է եւ շատերը ստիպված են լինում բավականին երկար սպասել իրենց հերթին:
Կան նաեւ շատ կենտրոններ, որտեղ աշխատում են աուտիզմով երեխաների հետ, կան միջազգային կազմակերպությունների ծրագրեր, օրինակ` Վորլդ Վիժն Արմենիայինը: Կան նաեւ մասնավոր կենտրոններ: Այնուամենայնիվ, չնայած կենտրոնների նման քանակի առկայությանը, հերթերը շարունակում են լուրջ խնդիր մնալ:
Հարցն այն է, որ, ինչպես նշել է մասնագետը, աուտիզմով երեխաները չեն կարող սպասել. որքան ավելի շուտ նրանց հետ սկսեն աշխատանքը, այնքան ավելի արդյունավետ կլինի թերապիան եւ նրանց համար ավելի հեշտ կլինի ինտեգրվել մեր աշխարհին: Իսկ եթե երեխան ստիպված է լինում մի քանի ամիս, նույնիսկ` մեկ տարի սպասել իր հերթին, դա կարող է բացասաբար ազդել նրա բուժման արդյունավետության վրա:
Կարինե Լյուլեջյանի խոսքով, Հայաստանի 7 մարզում եւս (Շիրակ, Վայոց Ձոր, Լոռի, Գեղարքունիք, Տավուշ եի Արմավիր) վերջերս վերականգնողական կենտրոններ են բացվել, որոնք աշխատում են աուտիզմով երեխաների հետ, ինչի շնորհիվ այդ մարզերից երեխաները եւ նրանց ծնողներն այլեւս ստիպված չեն լինում Երեւան մեկնել: Կապան քաղաքում եւս (Սյունիքի մարզ) աշխատանքի է պատրաստ աուտիզմով երեխաների համար բաժանմունքը, իսկ բաժանմունքի մասնագետները վերապատրաստում են անցել:






