Այսօր`ապրիլի 2-ին Երեւանում Աուտիզմի խնդրի դեմ տեղեկատվության տարածման համաշխարհային օրվա շրջանակում   (World Autism Awareness Day) հեծանվավազք են կազմակերպել, աուտիզմով երեխաների նկարների ցուցահանդես, ինչպես նաեւ ֆիլմի ցուցադրություն:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Աուտիզմի ազգային հիմնադրամի խորհրդի անդամ Սոնա Պետրոսյանը, հեծանվավազքը, որին մասնակցել են հեծանվորդների ազգային ֆեդերացիայի անդամներ, մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից. Երեւանի փողոցներով անցնելով` հեծանվորդներն արշավն ավարտել են քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ նրանց սպասել են ներառական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, որտեղ սովորում են աուտիզմով երեխաները:  

Դարձյալ  Աուտիզմի խնդրի դեմ տեղեկատվության տարածման համաշխարհային օրվա շրջանակում  Նկարիչների տան աուտիզմով երեխաների եւ պատանիների աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել:  27 երեխայի նկարները նաեւ աճուրդի են հանվել, որի ամբողջ հասույթը կհատկացվի աուտիզմով երեխաների համար  «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնին: 

Երեւանում տեղի է ունեցել նաեւ  «Աուտիզմի մոլորակ» փաստագրական ֆիլմի ներկայացումը, որը, ինչպես նշել է Սոնա Պետրոսյանը, պատմում է աուտիզմի, ձեռքբերումների, բարդությունների եւ իհարկե սիրո մասին: 

Խոսելով աուտիզմով երեխաներին օգնության տրամադրման գործում ձեռքբերումների մասին, Սոնա Պետրոսյանը նշել է, որ «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում այդ խանգարումով   106 երեխայի համար հատուկ ծրագիր է իրականացվում: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ նաեւ ծրագիր է մշակվում, որի շրջանակում աուտիզմով երեխաները կկարողանան մասնագիտություն ստանալ, ինչը նրանց կօգնի ավելի հեշտորեն գտնել կյանքում իրենց տեղը: