Աուտիզմի վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օրվա շրջանակում (World Autism Awareness Day) Երեւանում աուտիզմով հիվանդ երեխաների նկարած նկարների առցանց աճուրդ է տեղի ունենում:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Ա Ա Աճուրդ» աճուրդային կենտրոնի տնօրեն Արմինե Բեգլարյանը, «Ես ձեզ նման չեմ, ես ձեզանից մեկն եմ» նշանաբանով աճուրդում ներկայացված են 27 հեղինակի` երեխաների եւ պատանիների աշխատանքներ: Գծանկարի մեկնարկային գինը 50 դոլար է, գեղանկարինը` 100 դոլար: Աճուրդի շրջանակում հավաքված բոլոր միջոցները կհատկացվեն աուտիզմով երեխաների հետ աշխատող «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնին:
Արմինե Բեգլարյանի խոսքով, աճուրդի այցելուների թիվն արդեն ոգեւորում է, ընդ որում, քիչ չեն այլ երկրներից այցելուները: Որոշ նկարների համար դրույքներ են արվում, որոշներն էլ արդեն վաճառվել են:
Ինչպես նշել է Արմինե Բեգլարյանը, ցուցահանդեսը եւ աճուրդը շատ են ոգեւորել աուտիզմով երեխաներին եւ նրանց ծնողներին. իրենց աշխատանքների հանդեպ հետաքրքրությունը տեսնելով` երեխաները հասկացել են, որ ուզում են շարունակել արարել, նոր աշխատանքներ ստեղծել:
Աճուրդի հանված աշխատանքներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով: Վաղը հնարավոր կլինի ամփոփել աճուրդի արդյունքները:






