Արտադրությունում դժբախտ դեպքի հետեւանքով Բրազիլիայից 42-ամյա մեքենավար Կառլոս Մարիոտտին քիչ էր մնում ձեռքից զրկվեր. հաստոցներից մեկը քաշել էր նրա ձեռքը, ինչի հետեւանքով տղամարդը զրկվել էր երկու մատից եւ գործնականում ձեռքի ամբողջ մաշկից: Նրա ձեռքն անդամահատումից փրկելու, վարակումից պաշտպանելու եւ արյան շրջանառությունը պահպանելու համար վիրաբույժներն այն ներկարել են փորին:
Վիրաբույժ օրթոպեդ Բորիս Բրանդաոն Սանտա Օտիլիա հիվանդանոցից հիվանդի ձեռքը տեղավորել է հատուկ «գրպանի» մեջ, որը ստեղծվել է անմիջապես նրա փորի վրա:
«Առանց այդ պրոցեդուրայի, շատ բարձր էր վարակման ռիսկը, եւ հյուսվածքները, եւ ջլերը կսկսեին փտել», - պարզաբանել է վիրաբույժը:
Ձեռքը հիվանդի փորում կմնա առնվազն 6 շաբաթ, մինչեւ հյուսվածքները եւ ջլերը վերականգնվեն: Հետո ձեռքը կնախապատրաստվի մաշկի փոխպատվաստման համար: Բժիշկ Բրանդաոյի խոսքով, հիվանդն ամենայն հավանականությամբ չի վերագտնի ձեռքի լիակատար շարժունակությունը, սակայն կարող է դրանով տարբեր շարժումներ անել եւ, ամեն դեպքում, նույնիսկ նման ձեռքով նրա կյանքի որակն ավելի բարձր կլինի, քան ընդհանրապես առանց ձեռքի:
Ինքը` Կառլոսն իրեն շատ երջանիկ եւ հաջողակ մարդ է համարում` հասկանալով, որ ամեն ինչ իր համար անհամեմատ ավելի վատ կարող էր ավարտվել:
Հիշեցնենք, որ վնասված կամ պոկված ձեռքերը մարմնի այլ հատվածներին միացնելու տեխնոլոգիան նախկինում արդեն փորձարկվել էր: Անցյալ տարվա հուլիսին չինացի վիրաբույժները վերականգնեցին մի ձեռքի աշխատունակությունը, որը հաստոցը կտրել էր գործարանում դժբախտ դեպքի հետեւանքով: Այն մի ամբողջ շաբաթով միացրել են տղամարդու կոճին, իսկ հետո նորից հետ են կարել:







