Բժիշկները Լիբերիայից 5 տարեկան տղայի մոտ դարձյալ Էբոլա են ախտորոշել: Դրանից մի քանի օր առաջ տենդից մահացել էր նրա մայրը` համաճարակի երկրորդ բռնկման զոհ դառնալով: Այդ մասին հայտնում է Լիբերիայի Առողջապահության նախարարությունը:
30-ամյա կինը, որի անունը չի հրապարակվում, անցյալ շաբաթ Էբոլայից մահացել էր` Լիբերիան պաշտոնապես վիրուսից զերծ հայտարարելուց ամիսներ անց: Այս կնոջից բացի, վերջին շաբաթներին Լիբերիայում վիրուսի զոհ է դարձել եւս չորս քաղաքացի:
Իսկ այժմ, հայտնել է Լիբերիայի առողջապահության փոխնախարար Տոլբերտ Նյենսվան, տենդ են ախտորոշել մահացած կնոջ 5 տարեկան տղայի մոտ:
Գվինեայում եւս այս տարվա մարտին տենդի մի քանի դեպք էր արձանագրվել, ինչից հետո Լիբերիան փակել էր այդ երկրի հետ իր սահմանները` վախենալով, թե վարակը կներթափանցի իրենց տարածք: Սակայն այս պահին անհայտ է` արդյոք համաճարակային կապ կա Գվինեայում եւ Լիբերիայում տենդի դեպքերի միջեւ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ Էբոլա տենդն այլեւս վտանգ չի ներկայացնում համաշխարհային հանրության համար եւ երկրներին կոչ էր արել հանել առեւտրի սահմանափակումները Գվինեայի, Սյերրա Լեոնեի եւ Լիբերիայի հետ եւ վերականգնել ուղեւորությունները այդ երկրներ:






