Աուտիզմը տղաների մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների մոտ: Գիտնականներն առայժմ միանշանակ պատասխան չունեն այն հարցին, թե ինչու է այդպես, բայց մի քանի հետաքրքիր վարկած կա: 

Լոգոպեդ Սուսաննա Դավթյանը նշել է, որ կարծիք կա, թե տղամարդկային նյարդային համակարգը տարբերվում է կանացիից, ինչը տղաներին ավելի խոցելի է դարձնում որոշ հիվանդությունների, այդ թվում` աուտիզմի զարգացման առաջ: 

Կարինե Հարությունյանն իր հերթին նշել է, որ կարծիք կա նաեւ, թե կանացի Х քրոմոսոմն ավելի կայուն է որոշ հիվանդությունների հանդեպ, այդ պատճառով   ХХ քրոմոսոմներ ունեցող աղջիկների մոտ այս հիվանդություններն ավելի հազվադեպ են զարգանում, քան ХУ քրոմոսոմներ ունեցող տղաների մոտ: 

Տղաների շրջանում աուտիզմի տարածվածությունը նաեւ գենետիկական բացատրություն ունի. Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները վերջերս CACNA1G անվանումով գենի տարբերակ են հայտնաբերել, որը մեծացնում է մանուկ հասակում աուտիզմի զարգացման ռիսկը, հատկապես տղաների մոտ: Գիտնականները նշել են, որ գենի ընդհանուր ձեւն ավելի հաճախ է հանդիպում այն ընտանիքի ԴՆԹ-ներում, որոնցում երկու կամ ավելի տղան աուտիզմ ունեն, բայց աղջիկները զերծ են մնում այս հիվանդությունից: Ավելին, գիտնականները հայտնաբերել են, որ հիվանդ տղաներ ունեցող ավելի քան հազար ընտանիքի ԴՆԹ-ն գենային միանման տարբերակ ունի: Տղաների մոտ նման գենի առկայության դեպքում մեծանում է ուղեղային խանգարումների հանդեպ ընկալունակությունը: CACNA1G-ի այլընտրանքային ձեւը մեծացնում է մանկական աուտիզմի ռիսկը, սակայն երեխաների զարգացման վրա այս գենի ազդեցության մեխանիզմն առայժմ պարզ չէ: