Սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի բժշկական հասարակությունը ՀՀ առողջապահության նախարարին հայտնել է իր պատրաստակամությունը նյութական եւ բուժական օգնություն ցուցաբերելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով իրականացվում են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ: 

Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, դեղարտադրող ընկերություններ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ ունեցած բավարար պաշարների համալրման գործին:

ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում է արյունատվության գործընթացը: Շատ քաղաքացիներ, մասնագիտական միավորումներ, հասարակական կազմակերպություններ վիրավոր զինվորներին աջակցելու ցանկությունն արտահայտում են կամավոր դոնորությամբ, չնայած արյան բաղադրամասերի առկա բավարար պաշարներին:

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, շատ բուժաշխատողներ ցանկացած պահի պատրաստ են Արցախ մեկնել եւ մեր զինվորների կողքին լինել: Բժշկական հանրությունն այս կերպ իր զորակցությունն է հայտնում հայ զինվորին: