Երեխաների մոտ աուտիզմի եւ հոգեկան այլ խանգարումների առաջին նշանները ծնողները կարող են նկատել բավականին վաղ, երբ երեխան դեռ մի քանի ամսական է: Երեխայի մոտ հոգեկան խնդիրների եւ աուտիզմի առկայություն մատնանշող առավել  կարեւոր ախտանիշների մասին մեզ պատմել է հոգեբույժ Կարինե Լյուլեջյանը: 

1. Երեխան աչքերին չի նայում: Ինչպես նշել է հոգեբույժը, առողջ երեխան կյանքի հենց առաջին շաբաթներից մոր աչքերին է նայում, նրա դեմքին: Հետո նրա մոտ հուզական հակազդեցություններ են ի հայտ գալիս, օրինակ` նա ծիծաղում է, երբ մայրը ծիծաղում է: Աուտիզմով երեխաների մոտ սակայն այդ ամենը չի լինում. նրանք սովորաբար չեն արձագանքում ծնողներին եւ չեն նայում նրանց աչքերին: 

2. Երեխան չի արձագանքում իր անվանը: Աուտիզմով երեխան սովորաբար չի արձագանքում իր անվանը կամ էլ արձագանքում է, եթե նրան դա շատ է պետք: 

3. Երեխան հետաքրքրություն չունի շրջապատող մարդկանց, հատկապես` երեխաների հանդեպ: Ինչպես նշել է հոգեբույժը, աուտիզմով երեխան կարող է ինչ-որ չափով շփվել մեծահասակների հետ, որովհետեւ կախված է նրանցից եւ նրանց կարիքն ունի, բայց երեխաների հետ սովորաբար չի շփվում: 

4. Երեխան ցուցամատով ցույց չի տալիս: Եթե 1.5 տարեկան երեխան իրերը մատով ցույց չի տալիս, ցանկալի է նրան ցույց տալ հոգեբույժին, նշել է մասնագետը:

5. Երեխան անընդհատ միանման խաղեր է խաղում: 

6. Երեխային բնորոշ է կարծրատիպային պահվածքը: Օրինակ, նա կարող է անընդհատ վազել նույն գծով կամ շրջանագծով կամ բազմաթիվ անգամներ կրկնել նույն շարժումը: 

7. Երեխայի խոսքը կամ զարգացած չէ, կամ էլ նա կարողանում է խոսել, բայց կրկնում է հիմնականում այն, ինչ ասում են ուրիշները: Ինչպես նշել է հոգեբույժը, աուտիզմով երեխան կարող է իմանալ, թե ինչպես են կոչվում առարկաները եւ կարող է ճիշտ կոչել դրանք, օրինակ, ջուր կամ հաց խնդրելու համար: Բայց ծնողներին նա մայրիկ կամ հայրիկ չի ասի: