Ուրուգվայում գրանցվել է Զիկա տենդով հիվանդացության առաջին դեպքը. հիվանդը մի տղամարդ է, որը վերջերս է վերադարձել բրազիլական Ռիո դե Ժանեյրոյից:
Թերթը գրում է, որ մինչեւ հիմա Ուրուգվայը տարածաշրջանում միակ երկիրն էր, որտեղ դեռ չէին հայտնաբերվել Զիկա տենդով հիվանդացության դեպքեր: Իսկ հիմա, տենդը նաեւ այս երկիր է հասել:
Հիշեցնենք, որ երեկ Զիկայով հիվանդացության առաջին դեպքն էր հայտնաբերվել նաեւ Վյետնամում: Վյետնամի առողջապահության փոխնախարար Նգուեն Տխան Լոնգը հայտնել էր, որ վարակված է 33 ու 64 տարեկան երկու կին:
Մինչ այդ տենդի բռնկումներ էին գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում, նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում տենդը տարածվում է արագ՝ այն արդեն ներթափանցել է 55 երկրներից 20-ը:
Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն մոծակների խայթոցների միջոցով ու սովորաբար բարորակ ընթացք ունի: Վիրուսը սակայն վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ կարող է պտղի մոտ միկրոցեֆալիա ու այլ բնածին արատներ առաջացնել: Բրազիլիայում բացահայտվել է միկրոցեֆալիայի ավելի քան 860 դեպք, ու դրանց մեծ մասը կապակցոմ են Զիկա վիրուսի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում Զիկա տենդի տարածումն այս տարվա փետրվարի մեկին ճանաչել է միջազգային մասշտաբի բժշկական իրավիճակ:






