Դեղագործական Pfizer ընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել բոտոքս արտադրող իռլանդական Allegran ընկերության կլանման գործարքից, որի գումարը 150 մլրդ դոլար էր գնահատվում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով ընկերությունում իր սեփական աղբյուրներին:
Գործարքի լուծարման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում նոր կանոններ են ընդունվել հարկերի խուսափումից հրաժարման վերաբերյալ, ինչի մասին ապրիլի 4-ին հայտնել է Ֆինանսների նախարարությունը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աջակցել է Ֆինանսների նախարարության նախաձեռնությանը` ընդգծելով, որ իրավիճակը, որում ԱՄՆ-ի տարածքում գործող օտար ընկերությունը գնում է օտարերկրյա մրցակցին եւ օգտվում հարկային ավելի բարենպաստ ռեժիմ ենթադրող նրա իրավաբանական կարգավիճակից, «ամենանենգ հարկային սողանցքներից է»:
Pfizer Inc.-ի` Իռլանդիայում գրանցված Allergan Plc.-ը գնելու որոշման մասին հաղորդվել էր 2015-ի նոյեմբերին: Գործարքը կարող էր տեղի ունենալ մեկ բաժնետոմսի համար 370-ից 380 դոլար գնով եւ գումարային առումով գնահատվում էր 160 մլրդ դոլար: Միաձուլումը կարող էր խոշորագույնը դառնալ դեղագործական ոլորտում եւ իր մեծությամբ երրորդը միաձուլումների եւ կլանումների շուկայի պատմության մեջ:
Գործարքը չեղյալ համարելու համար Pfizer-ը պարտավոր կլինի Allergan-ին տուգանք վճարել, որի չափի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Reuters գործակալությունը պնդում է, որ խոսքը 400 մլն դոլարի մասին է, իսկ WSJ-ն պնդում է, որ վճարման չափն ավելի համեստ է:
1983-ին հիմնադրված Allergan-ը միջազգային դեղագործական ընկերություն է, որը զբաղվում է բուժման տարբեր միջոցների մշակմամբ, արտադրությամբ եւ թողարկմամբ, այդ թվում` Botox դեղամիջոցի: 2015-ի հունիսի վիճակով ընկերության աշխատակազմը 30 000 մարդ է:
Pfizer-ը աշխարհում խոշորագույն ամերիկյան դեղագործական ընկերություններից է: Նրա վաճառած դեղամիջոցների թվին են պատկանում վիագրան, դիֆլյուկանը, զիտրոմաքսը եւ այլ դեղամիջոցներ:






