Բիկինի գոտուց մազերը մաքրելու ամենատարածված միջոցներից է մեղրամոմով էպիլյացիան: Մեղրամոմով էպիլյացիա անող կոսմետոլոգ կարելի է գտնել Երեւանի բոլոր գեղեցկության սրահներում, շատ կայքերում էլ կարելի է այդ գործը տանն անողների հայտարարություններ տեսնել:

Սակայն որքանո՞վ է անվտանգ բիկինիի մեղրամոմով էպիլյացիան:  Ինչպիսի՞ վտանգներ կարող է ունենալ այն: NEWS.am Medicine-ը սա պարզել է գինեկոլոգ Նելլի Աբգարյանից:

Պարզվում է՝ մեղրամոմով էպիլյացիան բավական անվտանգ է, բայց մի պայմանով՝ կոսմետոլոգը պետք է շատ խստորեն պահպանի հիգիենայի կանոնները՝ անկախ նրանից՝ նա տանն է աշխատում, թե սրահում: «Եթե կոսմետոլոգը չպահպանի հիգիենայի կանոնները, հաճախորդը կարող է մի շարք վարակներ ձեռք բերել, ներառյալ՝ տարատեսակ սեռական վարակներ»,- ասաց գինեկոլոգը:

Մասնավորապես, բիկինի գոտում մեղրամոմով էպիլյացիա անող կոսմետոլոգը պարտավոր է օգտագործել միանգամյա օգտագործման ձեռնոցներ եւ մեկանգամյա օգտագործման փայտիկ՝ մեղրամոմը քսելու համար, իսկ մեղրամոմը պետք է տաքացվի անհատական սպասքի մեջ: Ոչ մի դեպքում չի կարելի միեւնույն ամանի մեղրամոմից երկու տարբեր հաճախորդների համար օգտագործել, քանի որ եթե կանանցից մեկը հիվանդ է, նրա հիվանդությունը կարող է մեղրամոմի միջոցով հեշտությամբ փոխանցվել մյուսին:

Այդպիսով հնարավոր է գործնականում ցանկացած վարակ ձեռք բերել, նույնիսկ եթե կոսմետոլոգը մեղրամոմը տաքացնի պրոցեդուրաների միջեւ:

Նելլի Աբգարյանը նշեց, որ մեղրամոմով էպիլյացիայի ժամանակ նաեւ կարող է բորբոքվել մաշկը եւ կարող են ալերգիկ ռեակցիաներ լինել: Բայց դրանք արդեն անհատական ռեակցիաներ են, եւ միակ բանը, որ կարելի է անել դրանցից խուսափելու համար, մազահանությունից հետո լավ հակաբորբոքայիններ օգտագործելն է: