Վերջին 30 տարվա ընթացքում դիաբետով հիվանդ մարդկանց թիվը  4 անգամ աճել է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Եթե 1980-ին դիաբետով ապրող մարդկանց թիվը մոտավորապես 108 մլն էր, ապա 2014-ին նրանց թիվը մոտավորապես 422 մլն է կազմել, գրեթե` կես միլիարդ:

Առողջապահության համաշխարհային օր-2016-ին նվիրված ԱՀԿ-ի զեկույցում նշվում է նաեւ, որ այդ  422 մլն-ի մեծամասնությունը 2-րդ տեսակի դիաբետ ունի, որը կապված է անառողջ ապրելակերպի, ճարպակալման եւ սխալ սննդի հետ:  

«Դիաբետով մարդկանց թվի աճը մատնանշում է ռիսկի այնպիսի գործոնների ավելացում, ինչպիսիք են ավելորդ քաշը եւ ճարպակալումը», - նշված է զեկույցում:

2012-ին դիաբետն ամբողջ աշխարհում 1.5 մլն մահերի պատճառ է դարձել, եւս 2.2 մլն մարդ մահացել է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակից: 

Զեկույցի համաձայն, դիաբետով մարդկանց թիվն ամբողջ աշխարհում աճում է, հատկապես` եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում: Արեւելյան Միջերկրածովյան շրջանում, 2014-ի տվյալներով, չափահաս բնակչության մոտավորապես    13.7 տոկոսը դիաբետով է հիվանդ, ընդ որում 1980-ին բնակչության ընդամենը 5.9 տոկոսը դիաբետ ուներ:

«Դիաբետն այնպիսի հիվանդություն է, որն այսօր անխնա կերպով հարձակվում է: Պիտի կանգնեցնենք այդ առաջընթացը», - ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Էտյեն Քրագը  BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: