Ամեն տարի ապրիլի 7-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստեղծման տարեդարձը (1948-ին) նշվում է որպես Առողջապահության համաշխարհային օր (World Health Day): 2016-ի Առողջապահության համաշխարհային օրվա թեման է` «Հաղթենք դիաբետին»:

Դիաբետը ժամանակակից աշխարհի «անձայն մարդասպաններից» մեկն է. այն հետեւողականորեն տարածվում է ամբողջ աշխարհով, ընդ որում, հատկապես նկատելի է ցածր եւ միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում ավելի քան 420 մլն մարդ տառապում է դիաբետից, 20 տարուց այդ թիվը կարող է ավելի քան կրկնապատկվել, իսկ 2030-ին դիաբետը կդառնա մահացության յոթերորդ հիմնական պատճառը:  

Այսօրվա դրությամբ անհնար է բուժել դիաբետը, բայց հիվանդությունը հնարավոր է վերահսկողության տակ պահել` թույլ չտալով, որ լուրջ վնաս հասցնի առողջությանը: Ավելին, 2-րդ տեսակի դիաբետը հնարավոր է կանխարգելել առողջ կենսակերպի, ճիշտ սննդի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով: Այդ պատճառով այս տարի Առողջության օրվա նպատակն է ընդլայնել դիաբետի կանխարգելումը, ամրապնդել բուժօգնության տրամադրումը եւ տեղեկություններ տարածել այդ հիվանդության եւ դրա կանխարգելման ուղիների վերաբերյալ: 

1948-ից մինչ օրս Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ է դարձել աշխարհի 194 պետություն: Ամեն Առողջապահության համաշխարհային օր նվիրվում է գլոբալ խնդիրներին, որոնք կանգնած է են մոլորակի առողջապահության առջեւ եւ անցնում է տարբեր նշանաբանի տակ.  «Քո արյան անվտանգությունը շատերի կյանքի փրկությունն է», «Ակտիվությունը երկարակեցության ուղին է», «Հղիությունը կյանքում առանձնահատուկ իրադարձություն է. անվտանգ դարձնենք այն», «Առողջությունը պաշտպանենք կլիմայի փոփոխություններից» եւ այլն: