Դիաբետը վտանգավոր է ոչ միայն մարդկանց առողջության, այլեւ երկրների տնտեսության համար. այն բուժծառայության ծախսերի ավելացման եւ աշխատանքային եկամուտների կորստի է հանգեցնում, ինչն արտացոլվում է երկրների առողջապահության համակարգերի եւ տնտեսության վրա: Այդ մասին ասված է այս տարի դիաբետին նվիրված Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի ուղերձում:   

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Դիաբետը դարերի խորքից եկող հիվանդություն է, որով ժամանակակից աշխարհում գնալով ավելի շատ մարդ է տառապում: 1980-ին դիաբետով հիվանդ էր 108 մլն չափահաս:  2014-ին նրանց թիվն ավելացավ մինչեւ 422  մլն.` չափահաս բնակչության թվի 8,5 տոկոսը, ինչը վկայում է ամբողջ աշխարհում ռիսկի այնպիսի գործոնների աճի մասին, ինչպիսիք են ավելորդ քաշը եւ ճարպակալումը: Չնայած մենք տիրապետում ենք դիաբետի կանխարգելման եւ բուժման միջոցների, ներկայումս այդ հիվանդությունից ամեն տարի մոտ 1,5 մլն մարդ է մահանում: Արյան մեջ գլյուկոզայի բարձր պարունակությունից եւս 2,2 մլն մարդ է մահանում:

Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Դիաբետի վերաբերյալ իր առաջին գլոբալ զեկույցը, որում ուրվագծված են խնդրի ծավալները եւ առաջարկված են ներկայիս միտումները հետ շրջելու ուղիներ: Երկրների ներսում եւ նրանց միջեւ դիաբետի բեռն անհամաչափ է բաշխված: Անհամաչափորեն շատ դիաբետից տառապում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների բնակչությունը, բայց ամենուր, որտեղ մենք աղքատության ենք բախվում, բախվում ենք հիվանդությունների եւ մարդկանց վաղաժամ մահվան հետ: 

Դիաբետը, որը   բուժսպասարկման ծախսերի ավելացման եւ աշխատանքային եկամտի կորստի է հանգեցնում, արտացոլվում է երկրների առողջապահության համակարգերի եւ տնտեսության վրա: 2011-ին աշխարհի երկրների ղեկավարները համաձայնեցին, որ ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում` դիաբետը, լրջորեն խոչընդոտում են կայուն զարգացմանը:   Անցյալ տարի կառավարությունները հաստատել են կայուն զարգացման ոլորտում նպատակները, որոնք ներառում են ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունը մեկ երրորդով կրճատելու խնդիրը:  

Մենք կարող ենք ավելի առողջ կենսակերպի խրախուսմամբ, հատկապես երիտասարդության շրջանում սահմանափակել դիաբետի տարածումն ու հետեւանքները: Խոսքն ավելի առողջ սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության մասին է: Մենք պիտի նաեւ բարելավենք դիաբետի ախտորոշումը եւ առաջին անհրաժեշտության այնպիսի դեղամիջոցների մատչելիությունը, ինչպիսին ինսուլինն է: Կառավարությունը, բուժաշխատողները, դիաբետով հիվանդ մարդիկ, քաղաքացիական հասարակությունը, սննդամթերք արտադրողները, ինչպես նաեւ դեղամիջոցներ եւ տեխնիկա արտադրողները եւ մատակարարողները պիտի ընդհանուր ջանքերով իրենց ներդրումն ունենան ստեղծված իրավիճակի փոփոխման գործում:  

Առողջապահության այս համաշխարհային օրը եկեք բոլորս միասին  աշխատելու պարտավորություն ստանձնենք, որպեսզի կանգնեցնենք դիաբետի աճը եւ  բարելավենք այն մարդկանց կյանքի պայմանները, որոնք ապրում են այդ վտանգավոր, կանխարգելման եւ բուժման չենթարկվող հիվանդությամբ»: