Աուտիզմը մեր ժամանակների ամենամիստիկական հիվանդություններից մեկն է: Ոչ ոք չգիտե, թե ինչից է առաջանում եւ ինչու է տարեցտարի ավելանում աուտիզմով երեխաների թիվը: Անհնար է «բուժել» աուտիզմով երեխային, սակայն մասնագետները կարող են նրան օգնել ինտեգրվել հասարակությանը եւ բարձրացնել իր սոցիալիզացիայի մակարդակը: 

Որոշ մասնագետներ սակայն կարծում են, որ աուտիզմով երեխաները բոլորովին կարիք չունեն նման թերապիայի. այդ երեխաներն ապրում են սեփական աշխարհում եւ հնարավոր է, որ իրենց այնտեղ լավ են զգում: Ուրեմն ինչո՞ւ նրանց  «վերադարձնենք» մեր աշխարհ, հարցնում են նրանք:  

Պե՞տք է արդյոք «բուժել» աուտիզմով երեխաներին:

Հոգեբան Կարինե Հարությունյանը, պատասխանելով  NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, նշել է, որ այդ հարցը վաղ թե ուշ իրեն տալիս է աուտիզմով եւ այլ խանգարումներով երեխաների հետ աշխատող ցանկացած մասնագետ: 

«Ոչ ոք չի եղել այդ երեխայի աշխարհում, ոչ ոք չգիտե, թե այնտեղ ինչպես է` լավ է, վատ է, ոչ ոք չի կարող գնահատել այդ աշխարհը», - նշել է նա:

Սակայն նույնիսկ եթե աուտիզմով երեխան լավ է զգում իր ներքին աշխարհում, չարժե նրան այնտեղ մենակ թողնել, կարծում են շատ մասնագետներ:  Ինչպես նշել է Կարինե Հարությունյանը, աուտիզմով շատ երեխաներ չեն կարող ոչ միայն շփվել այլ երեխաների հետ, այլեւ գդալով ուտել, կոճակները կոճկել եւ այլն:  Նման երեխաների հետ աշխատելով` մասնագետները նրանց սովորեցնում են այդ բոլոր հմտությունները, նաեւ օգնում են շփվել արտաքին աշխարհի հետ եւ առավելագույնս ինքնուրույն լինել:   

Հոգեբանի խոսքով, աուտիզմով շատ երեխաներ մասնագետների հետ աշխատանքից հետո նրանց շնորհակալություն են հայտնում այն բանի համար, որ հնարավորություն են ստացել շփվելու ծնողների հետ, նույնիսկ ավելի լավ հասկանալ սեփական հույզերն ու զգացմունքները: 

Հոգեբան Կարինե Լյուլեջյանն իր հերթին նշել է, որ աուտիզմով երեխաների հետ աշխատող կենտրոնները երբեք նրանց չեն կոտրում եւ ոչինչ չեն ստիպում անել: Ընդհակառակը, որպեսզի նրանց օգնեն գտնել հասարակությունում իրենց տեղը եւ ավելի լավ շփվել շրջապատի հետ, մասնագետները հատուկ, շատ փափուկ միջոցներ են օգտագործում: 

Նման աշխատանքի արդյունքում աուտիզմով որոշ մարդիկ հետագայում լիովին լիարժեք կյանքով են ապրում, բարձրագույն կրթություն են ստանում, ընտանիք են ստեղծում: Հնարավոր է, որ նրանք հարաբերություններում եւ շփման մեջ դեռեւս որոշ խնդիրներ ունենում են, բայց ընդհանուր առմամբ կարող են նորմալ ապրել, հոգ տանել իրենց եւ նույնիսկ ուրիշներին: