Մեքսիկայի գերագույն դատարանը հրաժարվել է աջակցել այն նախաձեռնությանը, որը թույլ է տալիս մարիխուանա օգտագործել բժշկական ու գիտական նպատակներով: Նվազագույն գերազանցությամբ՝ 6 ձայնն ընդդեմ 5-ի, գերագույն դատարանի անդամները սահմանադրական են ճանաչել առողջապահության մասին օրենքի մի շարք հոդվածներ, որոնք արգելում են երկրի տարածքում մարիխուանա աճեցնել, վաճառել ու ձեռքբերել:
Դատարանի լիագումար նիստի մասնակիցները նշել են, որ Rubicon ընկերության ներկայացրած հայցում ապացույցներ չկան, որ ընկերությունը կարող է ու կարտադրի դեղամիջոց մարիխուանայի հիմքով: Այդուհանդերձ, դատարանում չեն բացառում, որ ապագայում մարիխուանայի բժշկական օգտագործման մասին որոշումը կարող ե վերանայվել, մանավանդ եթե այդ նյութի օգտակարությունը հաստատվի լուրջ գիտական հետազոտությունների արդյունքներով:
Հիշեցնենք, որ 2009-ին Մեքսիկայի խորհրդարանը թույլատրել է պահպանել ու անձնական նպատակների համար օգտագործել տարբեր թմրանյութերի նվազագույն չափաբաժիններ: Սակայն ըստ 2014-ի մայիսին բնակչության շրջանում անցկացված հարցումների արդյունքների, քաղաքացիների շուրջ 70 տոկոսը դեմ է մարիխուանայի օրինականացմանը:
2015-ի նոյեմբերին Մեքսիկայի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանայի գործածման բացարձակ արգելքը ու երկրի պատմության մեջ առաջին անգամ չորս քաղաքացիների իրավունք է տվել օգտագործել այն, նաև ցանել, աճեցնել, պատրաստել, պահել ու տեղափոխել:
Նախաձեռնության հեղինակը՝ գերագույն դատարանի դատավոր Արտուրո Սալդիվարը, սակայն, շեշտել է, որ այդ որոշումը ամենևին էլ չի նշանակում, որ կարելի է «օգտագործել կամ վաճառել այլ թմրանյութեր»:






