Գենոմի խմբագրման CRISPR/Cas9 համակարգը, որը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի պոտենցիալ կերպով արդյունավետ միջոց են համարում, կարող է իմունոդեֆիցիտի վիրուսն ավելի ուժեղ եւ կայուն դարձնել, զգուշացնում են Կանադայի եւ Ճապոնիայի գիտնականները:  

Բազմացման համար ՄԻԱՎ-ն իր ԴՆԹ-ն ներկառուցում է վարակված բջջի գենոմի մեջ, եւ բջիջը սկսում է ինքը վիրուսի տարրեր սինթեզել: CRISPR/Cas9 համակարգն ի վիճակի է «փչացնել» վիրուսի ԴՆԹ-ն` դրա մեջ առանձին ավելորդ նուկլեոտիդներ ներդնելով, ինչն անիմաստ է դարձնում դրա մեջ գաղտնագրված տեղեկությունը սպիտակուցների եւ ՌՆԹ մոլեկուլների մասին:  Արհեստական մուտացիաների միջոցով ավերելով իմունոդեֆիցիտի արտադրության «ֆաբրիկան», CRISPR/Cas9-ն կանխարգելում է ՄԻԱՎ-ի հետագա բազմացումը եւ կանգնեցնում է վարակը:  

Գիտնականները պարզել են, որ ՄԻԱՎ-ը կարող է կայունություն ձեռք բերել գենոմի խմբագրման համակարգի հանդեպ, այն մանրէների նման, որոնք հարմարվում են հակաբիոտիկներին: Վիրուսներից որոշները, որոնք ողջ են մնում CRISPR/Cas9-ի ազդեցությունից հետո, այլ մուտացիաների շնորհիվ պաշտպանված են լինում գենոմի խմբագրումից:  

Խնդիրն այն է, որ վիրուսը բազմացման անընդունակ դարձնող  մուտացիաները կարող են այլ տեղում  նրան պաշտպանություն նվիրել գենետիկական «մկրատից»: CRISPR/Cas9-ը հետեւյալ եղանակով է գործում. ՌՆԿ մոլեկուլները ճանաչում են ԴՆԹ-ի առանձնահատուկ հատվածը, իսկ   Cas9 սպիտակուցն ապահովում է դրա կտրումը: Գենային տեխնոլոգիաներում կտրվածքի փոխարեն ԴՆԹ-ի այլ հատված են տեղադրում, ինչը թույլ է տալիս մանիպուլյացիայի ենթարկել գենոմը: Սակայն եթե մուտացիան փոփոխի այդ հատվածը, CRISPR/Cas9-ը ոչինչ չի կարողանա անել:  

Հետազոտողների խոսքով, իրենց բացահայտումը չի նշանակում, թե CRISPR/Cas9-ը անարդյունավետ կլինի ՄԻԱՎ-ի դեմ պայքարում: Խնդիրը նույն ոլորտում է, ինչ հակաբիոտիկների դեմ կայունության առաջացումը. հակաբիոտիկները ժամանակին արդյունավետ էին մանրէների դեմ, բայց նոր, ավելի կայուն մանրէներ ի հայտ եկան, որոնց վրա դեղամիջոցներն այլեւս չեն ազդում: Նոր գենետիկական թերապիայի մշակման ընթացքում, ընդգծում են գիտնականները, անհրաժեշտ է հաշվի առնել նույնպիսի` կայուն վիրուսների առաջացումը: 

Հետազոտությունը հրապարակված է Cell Reports ամսագրում: