Քաղցկեղն ի վիճակի է շրջակա արյունատար անոթներն օգտագործել չարորակ բջիջների զարգացման համար, պարզել են Լոնդոնի Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները:
Խոսքն այն գործընթացի մասին է, որի պարագայում ուռուցքն աճում եւ գոյատեւում է շրջակա արյունատար անոթների հաշվին: Սովորաբար քաղցկեղը սեփական արյունատար համակարգն է ստեղծում, ինչի շնորհիվ աճում եւ զարգանում են չարորակ բջիջները:
Այդ գործընթացը ճնշում են հակաանգիոգեն դեղամիջոցների շնորհիվ: Սակայն ժամանակի ընթացքում հիվանդությունը սկսում է հաջողությամբ դիմադրել դրանց ազդեցությանը: Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում բացատրել, թե հիվանդությանն ինչպես է հաջողվում դա: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղը պարզապես շրջանցող ուղիներ է գտնում: Այն դադարեցնում է սեփական արյունատար համակարգի կառուցումը եւ կպչում է հարեւան հյուսվածքներին` նրանց անոթներն օգտագործելով իր չարորակ բջիջների սնուցման համար: Դրա շնորհիվ ուռուցքն աճում է` չարձագանքելով թերապիային:
Տեսությունը ստուգվել է լյարդի քաղցկեղով հիվանդ լաբորատոր մկների վրա փորձերի ընթացքում: Գիտնականները նրանց հակաանգիոգեններ են տվել եւ սկզբում դա արդյունք է տվել: Սակայն հետագայում քաղցկեղը հարմարվել է եւ սկսել է շրջակա հյուսվածքների ռեսուրսներն օգտագործել, ինչը ոչնչացրել է դեղի ազդեցությունը: Հետաքրքիր է, որ հիվանդությունը արձագանքել է նաեւ բուժման դադարեցմանը: Հենց որ դադարեցնում էին դեղամիջոցի ընդունումը, քաղցկեղը վերադառնում էր սեփական արյունատար համակարգի կառուցմանը: Դրանով է բացատրվում այն փաստը, որ որոշ հիվանդների մոտ թերապիան դրական արդյունքներ է տալիս ընդմիջումից հետո:
Հետազոտողները կարծում են, որ բացահայտումը թույլ կտա այնպիսի դեղամիջոցներ ստեղծել, որոնք ի վիճակի են ավելի արդյունավետորեն ճնշել քաղցկեղային բջիջների զարգացումը: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է գիտական Journal of the National Cancer Institute ամսագրում, իսկ համառոտ դրա մասին պատմել է գիտական նորությունների Eurek Alert պորտալը:






