Հոգեկան խանգարումներին ոչ միայն մեծահասակներն են բախվում, այլեւ երեխաները, ընդ որում, նման խանգարումներով մարդկանց թիվն աշխարհում տարեցտարի աճում է: Հոգեկան ինչ խանգարումներ են առավել տարածված Հայաստանում երեխաների շրջանում: NEWS.am Medicine-ի հարցին պատասխանել է հոգեբույժ Կարինե Լյուլեջյանը:
Մասնագետի խոսքով, այսօր մեծապես տարածված են պահվածքային խանգարումները. այս խնդիրն ունեցող երեխաներին բնորոշ է ֆիզիկական դաժանության դրսեւորումը, նրանք ցասման հաճախակի բռնկումներ են ունենում եւ օտարի սեփականությունը ոչնչացնելու, ուրիշներին ցավ պատճառելու, կռիվ սկսելու ցանկություն:
Գերակտիվության եւ ուշադրության պակասի համախտանիշը եւս մեծապես տարածված է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Համարվում է, որ այդ վիճակը դիտարկվում է դպրոցական տարիքի երեխաների մոտավորապես 5-10 տոկոսի մոտ, ընդ որում, տղաների մոտ այն 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների: Նման խնդիր ունեցող երեխաների համար դժվար է կենտրոնանալ որեւէ բանի վրա կամ որեւէ բան երկար լսել, նրանք հեշտորեն շեղվում են, սովորաբար ուսման մեջ խնդիրներ են ունենում, նրանց մոտ նաեւ շարժողական մեծ ակտիվություն է նկատվում:
Սեւեռուն-հարկադրական խանգարումները եւ կպչուն պահվածքը, ինչպես նշել է հոգեբույժը, եւս բավականին տարածված է Հայաստանում երեխաների մոտ: Հիմնականում նման խնդիրների բախվում են 7-8 տարեկան եւ մեծ երեխաներ:
Իսկ այսօրվա դրությամբ առավել տարածված խանգարումը, հոգեբույժի խոսքով, աուտիզմն է: 8 տարվա ընթացքում (2007-ից մինչեւ 2015 թվականը) Հայաստանի երկու կլինիկայում 1001 երեխայի մոտ աուտիզմ են ախտորոշել, սակայն նրանցից բացի, կան երեխաներ զարգացման նաեւ այլ խանգարումներով, որոնք ուղեկցվում են աուտիստիկ ախտանիշներով: Հոգեկանի շատ այլ խանգարումների նման, աուտիզմն էլ 4-5 անգամ ավելի հաճախակի տարածված է տղաների մոտ:
Ինչպես նշել է հոգեբույժը, առայժմ հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված երեխաների մոտ հոգեկան խանգարումների աճը, հնարավոր է, որ ոչ հեռու ապագայում գիտությունը կարողանա պատասխան գտնել այդ հարցին:






