Շատ կանայք տաք եղանակն ատում են միայն այն բանի համար, որ ստիպված են լինում բաց հագուստ կրել եւ շատ ժամանակ եւ ուժեր ծախսել սափրելու եւ մոմով էպիլյացիայի վրա: Նման կանանց համար լազերային էպիլյացիան կարող է լավ ընտրություն լինել:
Թերապեւտի օգնական Տոնիաննա Գրոմբյերը պատասխանել է մազերը լազերային եղանակով հեռացնելու վերաբերյալ 10 ամենատարածված հարցին:
1. Ինչպե՞ս է գործում այն
Լազերային էպիլյացիայի ընթացքում մասնագետը հատուկ գործիք է օգտագործում, որը մաշկով անցնող լազերային ճառագայթի օգնությամբ վնասում է մազային ֆոլիկուլները, եւ մազերը դադարում են աճել:
2. Քանի՞ անգամ է պետք անել դա
Վերը նկարագրված գործընթացն ազդում է միայն մազերի աճի շրջափուլի ընթացքում, այդ պատճառով սովորաբար ստիպված են լինում այն մի քանի անգամ կրկնել: Երբեմն իդեալական արդյունք ստանալու համար բավական է լինում 3 պրոցեդուրան, երբեմն` ամբողջ 9-ը:
3. Դա արդյունավե՞տ է, անկախ մազերի որակից
Լազերային էպիլյացիան արդյունավետ է մազի ցանկացած որակի դեպքում, բայց ոչ սպիտակած մազերի:
4. Այս պրոցեդուրայի ընթացքում ճառագայթում օգտագործվո՞ւմ է
Ոչ, միայն լազերային լույս եւ ջերմություն:
5. Ինչպե՞ս է պետք պատրաստվել այդ պրոցեդուրային
Մինչեւ պրոցեդուրան չարժե արեւի լոգանք ընդունել. Ջանացեք արեւից հնարավորինս հեռու մնալ: Արեւայրուքից հետո լազերային էպիլյացիա անելն անհամեմատ ավելի բարդ կլինի: Իհարկե, սոլյարիների մասին եւս չի կարող խոսք լինել, զգուշացրել է մասնագետը:
Պրոցեդուրայից 3-4 օր առաջ չարժե սափրվել կամ մոմով էպիլյացիա անել:
6. Ինչքա՞ն է տեւում էպիլյացիան
Ամեն ինչ կախված է մարմնի այն հատվածից, որը էպիլյացիայի է ենթարկվում: Եթե խոսքը թեւատակերի կամ կզակի մասին է, պրոցեդուրան կարող է ընդամենը 20 րոպե տեւել, իսկ եթե լազերով մշակվեն ոտքերը կամ թիկունքը, պրոցեդուրան կարող է մինչեւ կես ժամ տեւել:
7. Դա ցավո՞տ է
Մասնագետի խոսքով, պրոցեդուրան «մի քիչ տհաճ է», որովհետեւ մազային ֆոլիկուլներին նյարդային վերջավորություններ են կպած: Ինքը` Գրոմբյերը շաբաթը մոտավորապես 60 նման պրոցեդուրա է անում, եւ 60 հիվանդից միայն մեկին է ցավազրկում անհրաժեշտ լինում:
8. Կա՞ն այնպիսի հատվածներ, որտեղ չի կարելի լազերային էպիլյացիա անել
Սովորաբար լազերային էպիլյացիա չեն անում միայն այն մասերում, որոնք չեն երեւում արտաքին աչքի համար, օրինակ` քթանցքերում: Մնացած բոլոր հատվածներում, մասնագետի խոսքով, սկզբունքորեն կարելի է էպիլյացիա անել:
9. Ինչ սպասել պրոցեդուրայից հետո
Լազերային էպիլյացիան մազահեռացման լիովին անվտանգ եւ արդյունավետ մեթոդ է համարվում: Պրոցեդուրայից հետո մաշկի վրա փոքրիկ կարմրություն կամ գրգռվածություն կարող է լինել, բայց մի քանի օրից ամեն ինչ կանցնի: Այրվածքներ եւ բշտիկներ հազվադեպ են լինում:
10. Մազերը նորից կաճե՞ն մաշկի մշակված հատվածում
Ինքը` Գրոմբյերն իր ոտքերի էպիլյացիա է արել մոտավորապես 10 տարի առաջ, այդ ժամանակվանից նրա մոտ ժամանակ առ ժամանակի փոքրիկ խարտյաշ մազեր են ի հայտ գալիս, որոնք ստիպված է լինում հեռացնել: Մնացած առումով նրա մաշկը շարունակում է հարթ մնալ:
Սակայն հորմոնները կարող են չար կատակ խաղալ. հորմոնային տարբեր խանգարումների պարագայում, ինչպես նաեւ հղիությունից եւ դաշտանադադարից հետո մազերը կարող են նորից սկսել աճել:






