Շատ փորձագետներ ՄԻԱՎ-ն իսկական գլոբալ համաճարակ են կոչում. հետեւողականորեն տարածվելով ամբողջ աշխարհում` ՄԻԱՎ-ը շատ խնդիրներ է ստեղծում ոչ միայն առողջապահության ոլորտում, այլեւ` տնտեսության: Շատ գիտնականներ այսօր աշխատում են այնպիսի դեղամիջոցների ստեղծման վրա, որոնք կանխարգելում են ՄԻԱՎ-ով վարակումը: Բայց արդյոք երբեւէ կստեղծվի ՄԻԱՎ-ի դեմ իսկական, արդյունավետ պատվաստանյութ:
ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի դաշնային գիտա-մեթոդական կենտրոնի պրոֆեսոր Վադիմ Պոկրովսկին (Ռուսաստան) կարծում է, որ հազիվ թե հաջողվի ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ ստեղծել:
«Դա կապված է այն բանի հետ, որ իմունոդեֆիցիտի վիրուսով վարակումից հետո մարդու մոտ բնական իմունիտետ չի զարգանում». նա նման կարծիք է հայտնել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ի հարցերով Հինգերորդ համաժողովի (EECAAC-2016) ընթացքում:
Նրա խոսքով, եթե մարդը, օրինակ, ծաղիկ հիվանդությամբ է հիվանդանում, առողջանալուց հետո նրա մոտ այդ հիվանդության նկատմամբ բնական իմունիտետ է առաջանում, եւ առաջիկա տարիների ընթացքում նա ամենայն հավանականությամբ այլեւս չի վարակվի: Հենց բնական իմունիտետի զարգացման այդ մեխանիզմի առկայության շնորհիվ գիտնականներին հաջողվեց բավականին արագ պատվաստանյութ ստեղծել ծաղիկ հիվանդությանի դեմ եւ վերացնել այն:
Սակայն կան մի շարք հիվանդություններ (օրինակ` մալարիան, սիֆիլիսը եւ այլն), որոնցից հետո բնական իմունիտետ չի զարգանում, այդ պատճառով նման հիվանդությունների դեմ պատվաստանյութ ստեղծելը ծայրաստիճան բարդ է: ՄԻԱՎ-ը եւս այդ հիվանդությունների թվին է դասվում:
ՄԻԱՎ-ի ոլորտում հետազոտողների հարավաֆրիկյան կենտրոնի տնօրեն, UNAIDS-ի գիտական փորձագետների խմբի տնօրեն Սալիմ Աբդուլ Քարիմը սակայն ավելի լավատեսորեն է տրամադրված: Նրա խոսքով, ապագայում ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը լիովին հնարավոր է:
Մասնագետը նշել է, որ մի շարք վիրուսների (մալարիայի, մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) եւ այլնի) դեմ բնական իմունիտետ իրոք գոյություն չունի: Օրինակ, եթե մարդը ՄԻԱՎ-ով է վարակվում, հետո բուժվում է, նրա մոտ այդ հիվանդության դեմ իմունիտետ չի ձեւավորվում. նա կարող է անընդհատ վարակվել: Նույնը կարելի է ասել նաեւ մալարիայի վերաբերյալ:
Սակայն չնայած այդ երկու հիվանդության դեմ բնական իմունիտետի բացակայությանը, այսօր արդեն կան դրանց դեմ պատվաստանյութեր: Մալարիայի դեմ պատվաստանյութերն իհարկե առայժմ շատ արդյունավետ չեն, բայց ինչ-որ պաշտպանություն ապահովում են, նշանակում է` գիտնականները ճիշտ ուղու վրա են: Ինչ վերաբերում է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութին, մասնագետի խոսքով, այսօր այն շատ արդյունավետ է եւ լայնորեն կիրառվում է բուժական պրակտիկայում:
Ինչպես նշել է Սալիմ Աբդուլ Քարիմը, եթե 5 տարի առաջ իրեն հարցնեին ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի մասին, ինքն այնքան լավատես չէր լինի, սակայն այսօր, տեսնելով գիտության մեջ բոլոր առաջընթացները եւ ծանոթանալով վերջին բացահայտումներին, ինքը հասկանում է, որ չնայած առայժմ հեռու են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումից, ապագայում նման պատվաստանյութը` եւ արդյունավետ, եւ անվտանգ, կարող է ստեղծվել:






