Երեխաների մոտ կարճատեսության խնդիրը պայմանավորված է ոչ այնքան համակարգչի ու հեռուստացույցի առջեւ անցկացված ժամանակով, որքան ցերեկային լույսի պակասով: Դրա համար էլ կարճատեսության զարգացումը կանխելու համար երեխաներին անհրաժեշտ է օրական առնվազն երկու ժամ փողոցում անցկացնել: Նման եզրակացության է հանգել ակնաբուժության դպրոցի հետազոտական աշխատանքների գծով տնօրեն, պրոֆեսոր Սքոթ Ռիդը:
Ելույթ ունենալով Ավստրալիայում անցկացվող գիտաժողովում, բժիշկ Ռիդը հայտնել է, որ երեխաների կարճատեսության պատճառը ամենեւին էլ հեռուստացույց դիտելը կամ համակարգչի առաջ նստելը չէ, այլ բնական լուսավորության պակասը:
«Չնայած համակարգիչներն ու հեռուստացույցների էկրանները նպաստում են նրան, որ երեխաները սկսեն ավելի շատ ժամանակ անցկացնել շենքերում, հետազոտություններն ապացուցում են, որ ինքնին դրանք կարճատեսության անմիջական պատճառ չեն»,- ասել է Ռիդը:
Իրենց հետազոտության մեջ ավստրալիացի գիտնականները չափել են աչքերի զարգացումը երեխաների մոտ՝ նրանց տալով լույսի ձեռքի հաղորդիչներ, որոնք երկու շաբաթվա ընթացքում տարվա թե տաք, թե սառը եղանակին գրանցում էին ոչ միայն լուսավորության մակարդակը, այլեւ ֆիզիկական ակտիվությունը: Սա թույլ է տվել տալ օրգանիզմի վրա լույսի ազդեցության ամբողջական գնահատականը:
«Այն երեխաների մոտ, որոնք ավելի քիչ են փողոց դուրս գալիս, կարճատեսությունը ավելի արագ է զարգանում»,- շեշտել է պրոֆեսոր Ռիդը: Բժշկի կարծիքով նույնիսկ զարգացած միոպիայով երեխաների տեսողությունը կարող է լավանալ, եթե նրանք ավելի շատ ժամանակ անցկացնեն դրսում, գրում է ScienceDaily պարբերականը:
Միոպիայի տարածումը դառնում է գլոբալ խնդիր: Ըստ գիտնականների հաշվարկների, մինչեւ 2050 թ. աշխարհի բնակչության կեսը տառապելու է կարճատեսությամբ, աճելու է նաեւ նրանց թիվը, ում սպառնում է ամբողջական կուրություն:






